18/04/2017 15:18
Տարոն Մարգարյանի ունեցվածքի 90 տոկոսը յուրացվել է Երևանի քաղաքապետարանի բյուջեից. Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարստության մի մասը Երևան քաղաքի բյուջեի հաշվին է գոյացել:
«Չեմ կասկածում, որ տարոն Մարգարյանի հարստության 90 տոկոսը Երևանի քաղաքապետարանի միջոցների յուրացումն է կազմում: Եթե համեմատություն անենք, կարող եմ միանշանակ ասել, որ բարձրաստիճան պաշտոնյան չի կարող կուտակել նմանատիպ հարստություն: Բարձրաստիճան պաշտոնյայի աշխատավարձը կարող է բավարարել նվազ հարցերի լուծման համար: Արդեն տասը տարի է բարձրաստիճան պետական պաշտոնյա եմ և ես չեմ ձեռք բերել որևիցե կարողություն և չէի էլ կարող, որովհետև այդ աշխատավարձով չես կարող նման կարողություն ձեռք բերել», - ասաց Փոստանջյանը:
Նշենք, որ, ըստ հրապարակված հայտարարգրի, քաղաքապետի երեք թեկնածուներից ամենահարուստը Տարոն Մարգարյանն է: Նա 2016 թվականին հայտարարագրել է 250 միլիոն դրամ, 45 հազար դոլար, 50 հազար եվրո՝ միասին մոտ 600 հազար դոլար: Բացի այդ, նա հայտարարագրել է մեծ թվով անշարժ և շարժական գույք:
Ըստ նույն հայտարարագրերի՝ Զարուհի Փոստանջյանը հայտարարագրել է պատգամավորի իր տարեկան աշխատավարձը՝ մոտ 5.5 միլիոն դրամ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ 2.5 հազար դոլար և Hyundai մեքենան:
«Ավելի լավ Երևան ունենալու համար չպետք է գողանալ Երևանից», - հավելեց Փոստանջյանը: