19/04/2017 09:20
Գեղարքունիքի մարզպետ կնշանակվի Կարեն Բոթոյանը. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, իշխանություններն արդեն հստակեցրել են, որ Գեղարքունիքում մարզպետ են նշանակելու Կարեն Բոթոյանին՝ Շինանյութի Սերգեյի փեսային, որը նախորդ գումարման խորհրդարանում նախ հանդես էր գալիս որպես ՕԵԿ պատգամավոր:
«2014-ին, սակայն, երբ ՕԵԿ-ը հերթական անգամ լքեց իշխող կոալիցիան՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, մեծամասնական ընտրակարգով ԱԺ անցած Բոթոյանը լքեց սույն կուսակցությունը: Ապրիլի 2-ի ընտրություններում Կարեն Բոթոյանը Գեղարքունիքի մարզում առաջադրվել էր ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով ու թեկնածուների մեջ ամենաշատ՝ 14.932 հազար ձայն էր ստացել: Այժմ, որպես փոխհատուցում, նա իշխանություններից ստանում է մարզպետի պաշտոնը», -գրել է թերթը:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը թերթի հետ զրույցում չի հաստատել այս լուրը: Ըստ նրա՝ կուսակցությունում դեռ նման քննարկումներ չեն եղել:
«Իսկ մնացածը բանահյուսության ժանրից է», - հավելել է Թադևոսյանը:
Իսկ Գեղարքունիքի գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, թերթի տեղեկություններով, մանդատ է ստանալու և վերադառնալու է ԱԺ: