19/04/2017 19:45
Տիգրանյանի «Անուշ» օպերան նվիրվում է Ավագ Պետրոսյանի ծննդյան 105 և այդ դերում նրա բեմելի 75-ամյակներին
Ապրիլի 21-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, որը նվիրվում է Ավագ Պետրոսյանի ծննդյան 105-ամյակին և այդ դերում նրա բեմելի 75-ամյակին:
ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ մինչ ներկայացումը նախատեսված է նաև հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Ավագ Պետրոսյանին:
Անուշի դերակատարմամբ հանդես կգա նշանավոր օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանը:
Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, մեծանուն օպերային երգիչ Ավագ Պետրոսյանն իր ուրույն տեղն ունի հայ օպերային թատրոնի պատմության մեջ: Նրա ստեղծագործական կյանքը կապված է հայ օպերային խաղացանկի ամենանշանակալի ստեղծագործությունների հետ: Երգչի ու նրա մարմնավորած հայկական օպերային որոշ հերոսներ այս կամ այն կերպ նույնացվել են Ավագ Պետրոսյանի անվան հետ: Այդ հերոսների վոկալ և բեմական նկարագիրն ընկալվում է նախևառաջ հենց Ավագ Պետրոսյան տաղանդավոր արտիստի կերպավորմամբ: Այդպիսիք են Սարոն և Սանթուրը Արմեն Տիգրանյանի «Անուշ» և «Դավիթ Բեկ», Կարոն՝ Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ», Տիրիթը՝ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերաներում և այլն:
Օպերան միշտ էլ եղել է Ավագ Պետրոսյանի տարերքը: Ազգային օպերաների հերոսների դերերում, և ոչ միայն հայկական, նա առավելագույնս ծավալվում և բազմակողմանի էր դառնումՙ մնալով այդ դերերգերի անզուգական կատարողն ու մեկնաբանը: Ավագ Պետրոսյանի բեմական գործունեության իրական գլուխգործոց է համարվում նրա Սարոն (Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում), որտեղ ի հայտ են եկել նրա վոկալ-մասնագիտական և դերասանական լավագույն առանձնահատկությունները: