19/04/2017 13:36
Տարեսկզբից կատարված ներդրումների շնորհիվ ՀՀ-ում ստեղծվել է 1807 նոր աշխատատեղ. Հովհաննես Ազիզյան
Տարեսկզբից մինչև ապրիլ ՀՀ-ում իրականացվել է 63.5 մլն դոլարի ներդրում և ստեղվծել 1807 նոր աշխատատեղ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
Ներկայացնելով վերջին 6 ամիսների ընթացքում նախարարության իրականացրած աշխատանքը՝ փոխնախարարը նշեց, որ ՀՀ ներդրումային ծրագրերի շրջանակում ընկերություններին տրամադրվում են տարբեր ձևաչափերի աջակցություն, մասնավորապես, նախարարության կողմից վերջերս ներկայացվել են այդպիսի 62 ծրագրեր, որոնք, Ազիզյանի խոսքով, արդեն իսկ իրականացման փուլերում են և ունեն համապատասխան ֆինանսավորում:
«Դրանց իրականացման արդյունքում 2017 թվականին կկատարվի 471.6 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, կստեղծվի 6215 նոր աշխատատեղ», - նշեց նա:
Փոխնախարարը հավելեց, որ այս պահին ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար նոր աղբյուրներ են փնտրվում:
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին աշխատանքներ են տարվել ՀՀ ներդրումային հնարավորությունները և բարենպաստ միջավայրը այլ երկրներում ավելի արդյունավետ ներկայացնելու ուղղությամբ. «Տեղի են ունեցել հայ-իրանական, հայ-էմիրաթայան, հայ-ֆրանսիական համաժողովներ»:
Ազիզյանն ընդգծեց, որ նախարարությունը կարևորում է նաև ներդրումները մարզերում. «Վարչապետի՝ մարզեր կատարած այցերի ժամանակ առանձնացվել է 81 ծրագիր, որոնցից առաջին փուլով աջակցություն են ստանում 11-ը»: