19/04/2017 14:17
Ռուսաստանի սպառողը այսուհետ կարող է հայկական ապրանք պատվիրել ինտերնետով շուկայականից կրկնակի էժան գներով
«Արմզոն»-ը օնլայն հարթակ է, որտեղ հայկական բոլոր արտադրողները հնարավորություն են ստանում ինտերնետի միջոցով կազմակերպել վաճառք Ռուսաստանի մեծ քաղաքներում: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:
«Այսինքն՝ Ռուսաստանի սպառողը պատվեր է տալիս և նրա ցանկացած ապրանքը կարող է առաքվել մինչև պատվիրատուի տուն: Պատվիրված փաթեթը կարող է լինել ցանկացած արտադրանք՝ մթերք, արվեստի գործ, տեքստիլ և այլն», - ասաց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ գները կրկնակի էժան են լինելու, քան Ռուսաստանի սուպերմարկետներում հայկական ապրանքների գներն են:
Այժմ տեղափոխումն իրականացվում է միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ նախ Մոսկվա, հետո այլ հատվածներ, այնուհետև հայկական ապրանքը կառաքվի նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ:
Այս ծրագրում «Սպայկա» ընկերությունը ներդնում է 3 մլն դոլար:
«Մեր արտադրանքը այս հարթակում կարող է լինել մեկ տոկոս: Սա արվում է Հայաստանում արտադրվող բոլոր ապրանքատեսակների համար՝ և՛ մանր-միջին ձեռնարկատերերը, և՛ խոշոր արտադրողները կարող են ներկայացված լինել այս հարթակում», - ներկայացրեց Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ 10 հազար անուն ապրանքանիշ է ներկայացվելու «Արմզոն»-ում: