19/04/2017 10:11
Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտին իրականություն կդառնա հոկտեմբերին. կան հետաքրքրված ընկերություններ
«Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև առաջիկա օրերի ընթացքում կնքվելու է պայմանագիր, որով ՍՊԸ-ն իրավունք կստանա սկսել ազատ տնտեսական գոտու ձևավորումը: Այդ մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
«Պայմանագիրը արդեն քննարկվել, ամփոփվել է և առաջիկա մի քանի օրերի ընթացքում այն կկնքվի ու կսկսվեն արդեն գոտու ձևավորման աշխատանքները», - ասաց փոխնախարարը:
Պաշտոնյան չի կիսում հոռետեսական կանխատեսումները Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին կառավարության ծրագրի վերաբերյալ և ավելին, նշում է, որ այն շահագործման կհանձնվի հոկտեմբերին:
«Այդ տեսանկյունից մենք խնդիրներ, որպես այդպիսին, չենք տեսնում, և ընկերությունը, որը պետք է հանդիսանա կազմակերպիչ, նման խնդիրներ չի տեսնում, իսկ դա մեծ առումով բիզնես ծրագիր է, այսինքն՝ ինքը գնահատում է իր ռիսկերը, ու այդ տեսանկյունից մենք խնդիրներ չենք տեսնում: Մեծ հույս ունենք, որ ինքը ծրագիրը կիրականացնի ու բավականին արդյունավետ կլինի», - ասաց Ազիզյանը:
Նրա ներկայացմամբ, 10 տարվա ընթացքում կանխատեսվում է, որ ընկերությունը ազատ տնտեսական գոտու ստեղծման մեջ կներդնի շուրջ 30 մլն դոլար: Իսկ 1-ին փուլի աշխատանքներում նախատեսվում է ներդնել 2.5-3 մլն ԱՄՆ դոլար, բացի հողի արժեքից, որը ընկերությունը պետք է գնի:
Ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքները, փոխնախարարի խոսքով, չեն հետաձգվել և ընթանում են ըստ ժամանակացույցի, և աշնանը գոտին կսկսի գործել:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ շատ ընկերություններ են հետաքրքրված ազատ տնտեսական գոտում ներդրումներ կատարելու և գործունեություն ծավալելու հարցում:
Ազիզյանը թվարկեց երկրները, որոնցից ներդրումներ են ուղղվելու ազատ տնտեսական գոտի՝ Իրան, Ռուսասատանի Դաշնություն: 14 ընկերությունից ազատ տնտեսական գոտում ներդրում կատարելու հարցում հետաքրքրված լինելու գրություն են ստացել:
«Ընկերություններ կան, որ նախնական դիմել են ու արդեն իսկ հետաքրքրված են այդտեղ որպես շահագործող հանդես գալ՝ հիմնեն արտադրություն, ծավալեն գործունեություն: Մենք ունենք մոտ 14 ընկերություն, որոնք հետաքրքրված են գործունեություն ծավալել այնտեղ: Մենք համոզված ենք, որ կգործի գոտին և շատ արդյունավետ կգործի», - ասաց Ազիզյանը:
Ավելին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում վստահ են, որ գոտու ստեղծմամբ կմեծանա Հայաստանի և այլ երկրների միջև առևտրաշրջանառությունը:
Ավելի վաղ գործադիր մարմնի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Հայաստան-Իրան սահմանին, Ագարակ քաղաքի մոտական տարածքում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում գործունեությունը ծավալվելու է գյուղմթերքի, սննդի վերամշակումից մինչև նոր բարձր տեխնոլոգիական նյութերի արտադրություն, դեղագործություն և տեքստիլ արդյունաբերություն: Ազատ տնտեսական գոտում գործելու է մաքսակետ, արտադրական տարածք, բիզնես կենտրոն: Այդտեղ այցելուներն ապրանքները կգնեն առանց մաքսատուրքի: