19/04/2017 15:03
Սյունիքի ազատ տնտեսական գոտին պատուհան կդառնա մաքսային երկրների և հարավի միջև. Սարգիս Աղաբեկյան
Սյունիքում ազատ տնտեսական գոտի ստեղծման նախաձեռնությամբ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը դեռևս 3 տարի առաջ քայլեր է ձեռնարկել, այսօր Սյունիքում ԱԳՏ ստեղծելու պայմանագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ, «Սյունիք» ազատ տնտեսական գոտու խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյանը:
Նրա դիտարկմամբ՝ ազատ գոտին նախ նպատակ ունի մեծացնել ներդրումների ծավալը ՀՀ-ում:
«Գոտին հնարավորություն է տալիս զգալի մեծացնել մաքսային միության անդամ երկրների և ԻԻՀ միջև ապրանքաշրջանառության ծավալները: Գոտու կարևոր խնդիրներից մեկն էլ լինելու է ներգրավել արտադրողական հզոր ընկերություններին մաքսային երկրներից և ԻԻՀ-ից», - նշեց նա:
Աղաբեկյանի խոսքով՝ տնտեսական հաշվարկներով ապրանքների ինքնարժեքները կնվազեն 25-27 տոկոսվ, բացի այդ, ազատ տնտեսական գոտու միջոցով Հայաստանը պատուհան կդառնա մաքսային երկրների և հարավի միջև:
Նախատեսվում է գոտու կառուցման աշխատանքներն ավարտել մինչև 2017 թվականի հոկտեմբերի 15-ը. «Ազատ տնտեսական գոտու նպատակն է նաև ստեղծել աշխատատեղեր, բարելավել Սյունիքում ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև ուշադրություն դարձնել սահմանամերձ գոտիների զագացմանը»: