19/04/2017 19:56
60-ին եմ մոտենում, արդեն մի տեսակ անհետաքրքիր է ծննդյանս տոնը. Արա Գևորգյանը նշում է 57 ամյակը
ՀՀ Վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն այսօր նշում է ծննդյան 57-րդ տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում երաժիշտը խոստովանեց, որ շուրջ 10 տարի է՝ ծննդյան օրերը նրա ամենատխուր օրերն են, քանի որ գիտակցում է՝ ևս մեկ տարով մեծանում է:
«20, 30 և 50 ամյակներս շատ հիշարժան են անցել, 40-ամյակս, ավանդույթի համաձայն, չենք նշել, հիմա էլ 60-ին եմ մոտենում, արդեն մի տեսակ անհետաքրքիր է: Տարեդարձներիցս կառանձնացնեմ 50 ամյակս, որը նշվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Չգիտեի, որ Մշակույթի նախարարությունն ու ընկերներս նման բան են կազմակերպում: Դա ինձ համար շատ մեծ պատիվ էր», - նշեց մեր զրուցակիցը:
Այնուամենայնիվ, կեսգիշերային անակնկալից ու շնորհավորական բազում հեռախոսազանգերից խուսափել չհաջողվեց. Ուղիղ 24:00-ին հյուրեր ունեցան, ովքեր իրենց հետ տորթ էին բերել: Ընկերներից առաջին էլ նրան շնորհավորել է Արտավազդ Եղոյանը:
Սովորաբար, Արա Գևորգյանն այս օրը նշում է ընտանեկան և ընկերական միջավայրում: Հյուրեր չի հրավիրում, բայց ունի մանկության ընկերներ, ովքեր ձեռնամուխ են լինում իր օրվա կազմակերպմանը:
«Հոբելյանական տարիները նշել ենք առավել մեծ մասշտաբով, մնացած ծննդյան օրերն անցել են նեղ միջավայրում: Դպրոցական տարիների ընկերներ ունեմ, որ երբեմն հենց իրենք են կազմակերպում, որոշում՝ միասին այդ օրը պետք է բնության մեջ անցկացնենք, ձկնորսությամբ զբաղվենք… Դե, ես որսորդ չեմ, կրակում եմ միայն շշերի, անկենդան բաների վրա, իրենք էլ իրենց որսորդությամբ են զբաղվում»,- ժպիտով ընդգծեց հոբելյարը:
Ամփոփելով անցած 57 տարիները՝ ՀՀ Վաստակավոր արտիստը նկատեց, որ հաջողություններ շատ ունի, բացթողումներն աննկատ են.
«Ամենակարևոր ու ամենամեծ ձեռքբերումս երեխաներս են, իմ ընտանիքը: Ինձ համար նաև կարևոր հաջողություններ են այն ստեղծագործությունները, որոնք որևէ կերպ նպաստել են մեր երկրին, ընդհանուրիս ցավը՝ Ցեղասպանությունը, ճանաչելի են դարձրել աշխարհում: «Ադանա» ստեղծագործության շնորհիվ 20 տարբեր ազգ դատապարտեց ոճիրը, «Կանք ու կլինենք»-ը երգում են տարբեր երկրների 20 երգչախմբեր: Էլ չեմ ուզում խոսել բազմաթիվ ճանաչողական համաշխարհային համերգների մասին, որոնց ընթացքում մեծ էկրաններին պատկերվում են Հայաստանն ու հայկական մշակույթը: Ինձ համար մեծ պատիվ ու ձեռքբերում է, որ իմ ստեղծագործությունները հնչում են միջազգային բեմահարթակներում, Օլիմպիական խաղերի ժամանակ: Սրանք ևս իմ երեխաներն են, իմ զավակները… Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա պետք է նկատեմ, որ այնպիսի կոպիտ բացթողումներ չեմ ունեցել, որոնց հարկ կհամարեմ անդրադառնալ: Կյանքում միշտ էլ փոքրիկ անհաջողություններ լինում են, բայց ես երբեք չեմ ընկճվում»:
Հարցին, թե արդյոք չի պատրաստվում ծնունդ տալ նոր մի ստեղծագործության, պատասխանեց.
«Ես ամեն օր, ամեն ժամ նոր բան եմ գրում, պարզապես մեր ժամանաներում ձայնասկավառակներ չենք թողարկում, որոնք պարունակում են մի ողջ տարվա աշխատանք, այդ պատճառով էլ քիչ է թվում: Այժմ էլ նոր գործեր, նախագծեր ու նպատակներ ունեմ: Տա Աստված՝ իրագործեմ»:
Արա Գևորգյանի՝ ինքն իրեն ուղղած ծննդյան բարեմաղթանքը համամարդկային է.
«Երանի ապրեմ այնպիսի երկրում, որտեղ կցանկանան ապրել բոլոր օտար ազգերը»:
Aysor.am-ը ևս շնորհավորում է երաժիշտին՝ մաղթելով նորանոր ստեղծագործություններ ու հաջողություններ: