19/04/2017 13:27
«Սպայկա»-ն խոստանում է 70 մլն դոլարի ներդրում և 300 նոր աշխատատեղ
«Սպայկա» ընկերությունը այս տարվա ընթացքում նախաձեռնել է մի քանի խոշոր ծրագիր, որոնց իրականացման համար նախատեսվում է բացել 300 նոր աշխատատեղ: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:
Բացի աշխատատեղերից, ըստ Բաղդասարյանի, ընկերությունը Հայաստանում այս տարի պատրաստվում է ներդնել 70 մլն դոլար:
«Այդ ծրագրերի մեջ մտնում են պանրի գործարանը, կաթի արտադրության և վերամշակման գործարանը, ավելի քան 20 հա ջերմոցներ, «Արմզոն» նախագիծը, որը ենթադրում է օնլայն գնումներ ու մատակարարումներ է իրականացնելու դեպի Ռուսաստան՝ վերջնական սպառողին, և ինտենսիվորեն հիմնադրվելու են այգիներ՝ ավելի քան 1000 հա», - ծրագրերը ներկայացրեց Կ. Բաղդասարյանը:
Նրա խոսքով, 2017 թվականի վերջից «Սպայկա»-ի շուկայի աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ դեպի Եվրոպական միություն և Մերձավոր Արևելք:
Խոսելով 2016-ին կատարվածի մասին՝ Բաղդասարյանն ասաց, որ նախորդ տարվա ընթացքում «Սպայկա»-ն ավելի քան 100 հազար տոննա արտադրանք է արտահանել Հայաստանից, իսկ այս տարի այդ ծավալը առնվազն կպահպանվի: Ավելին, Բաղդասարյանի խոսքով, ծրագրում են այն 20 տոկոսով ավելացնել:
Նա նաև նշեց, որ «Արմզոն» նախագիծը ուղղակիորեն կապված է ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, քանի որ փոքր ու միջին ձեռնարկատերերը Հայաստանում հնարավորություն են ունենում իրենց ապրանքները սպառել ռուսաստանյան և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների սպառողներին:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչն է «Սպայկա»-ի հաջողության գրավականը, այն դեպքում, երբ տնտեսական ճգնաժամը չազդեց ընկերության գործունեության վրա և դեռ ավելին, ընդարձակվում է: Ի պատասխան Բաղդասարյանն ասաց, որ դա թիմի շնորհիվ է: