20/04/2017 16:06
Նորա Գրիգորյանի «9 месяцев…» փաստագրական ներկայացման մեջ հղի կանանց կմարմնավորեն տղամարդիկ
Շուտով Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա բեմադրիչ, դերասանուհի Նորա Գրիգորյանի «9 месяцев…» փաստավավերագրական ներկայացումը, որն անդրադառնում է հղիության 9 ամիսների ընթացքում կնոջ կյանքում տեղ գտած դժվարություններին ու հիասթափություններին: Ի դեպ, դերասանուհին բոլորովին վերջերս է մայրացել, ու հենց սեփական փորձն է ներկայացմանը կյանք տալու առիթ հանդիսացել:
«Դեռ երկրորդ կուրսում այս պիեսի մասին ինձ իմ վարպետ Ռուբեն Բաբայանն էր պատմել, բայց մոռացել էի: Հղիությանս շրջանը բավական ծանր է անցել, անընդհատ ամուսնուս (դերասան Էրվին Ամիրյան՝ հեղ.) բողոքում էի, թե ինչո՞ւ են այս ցավերն ու տանջանքները միայն կանայք տանում, չէ՞ որ երեխան ընդհանուրի սիրո պտուղ է… Զգացի, որ պետք է դրա մասին խոսեմ», -Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Ն. Գրիգորյանը:
Ներկայացումը մանրամասն անդրադառնում է ապագա մայրերի և շրջապատում տիրող անարդարության բախմանը, հղի կանանց հույզերին ու ցանկություններին, ֆիզիկական ու հոգեբանական դժվարությունների հաղթահարմանն ու այդ ամենից ձերբազատմանը:
«Կինը հղիության շրջանում ունենում է այլ հոգեբանություն, այլ խնդիրներ ու ապրումներ, որոնք կապված են ամուսնու, շրջապատի, բուժանձնակազմի և այլ մարդկանց հետ: Հղիության ժամանակ ինքս էլ հանդիպել եմ զանազան խնդիրների՝ թե՛ աշխատավայրում, թե՛ ընտանիքում, ինչի մասին էլ ցանկացա պատմել: Ամեն ինչ փոխվել էր շուրջբոլորս, - նկատեց ռեժիսորը:
Ներկայացման հիմնական հաղորդագրությունն այն է, որ կինը պատրաստ է, ունակ է տանել ամեն խնդիր, ցավ ու դժվարություն, միայն թե լույս աշխարհ բերի իր փրկչին, իր մանկիկին: Հենց այդ պատճառով էլ ընդունված է ասել՝ մայրերը հերոսներ են:
Բեմադրիչը ներկայացումը որոշեց կյանքի կոչել տղամարդ դերասանների միջոցով, ովքեր էլ բեմում մարմնավորելու են հղի կանանց: Նրա խոսքերով՝ այսկերպ 9 ամսիների համար «մուռ» կհանի ամուսնուց:
«Հղիներին մարմնավորելու են Ֆրեդ Դավթյանը, Սերգեյ Մագալյանը, Արման Ղազարյանը, Սերգեյ Գրիգորյանը, Ռոբերտ Հակոբյանն ու Մանվել Խաչատրյանը: Գլխավոր դերում ամուսինս է՝ Էրվին Ամիրյանը, ում «հախից» եկա՝ հանձնարարելով հղիի այդ դերը», -ծիծաղելով խոստովանեց մեր զրուցակիցը:
Վերբատիմ ժանրի պիեսում ներկայացված պատմություննները իրական փաստերի վրա են: Ոչինչ մտացածին չէ: Հեղինակներն են Սերգեյ Շեվչենկոն և Ալեքսեյ Կուլիչկովը:
«Սա դոկումենտալ թատրոն է, կառուցված է իրական պատմություններից ու երկխոսություններից: Այն, ինչ կտեսնեք բեմի վրա, ամբողջովին իրականություն է՝ իրական հերոսներ ու պատմություններ: Պիեսի հեղինակների հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ, բայց ցավոք՝ նրանք չեն կարողանա գալ Երևան և ներկա գտնվել պրեմիերային», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նորա Գրիգորյանը:
«9 месяцев…» ներկայացման պրեմիերան տեղի կունենա ապրիլի 29-ին և 30-ին՝ ժամը 19:00-ին:
Ներկայացմանը խրախուսելի է ոչ միայն ապագա մայրիկների, այլև՝ նրանց շրջապատող բժիշկների ու հայրիկների ներկայությունը: