20/04/2017 15:44
«Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան». Առաջին ալիքը լրագրողական հետաքննություն է անցկացրել Գերմանիայի դատարանում (Տեսանյութ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռուստաֆիլմ է նկարահանել Սողոմոն Թեհլերյանի դատավարության և «Նեմեսիս» գործողության ծրագրի մասին: «Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան» խորագրով ֆիլմը եթեր կհեռարձակվի ապրիլի 24-ին: Գրեթե 1 տարի տևած լրագրողական հետաքննության նպատակն է եղել ոչ միայն պարզել ողջ եղելությունն, այլև ներկայացնել բոլոր հանգամանքները, որոնց արդյունքում կազմվել է «Նեմեսիս» գործողության ծրագիրը:
Ֆիլմի սցենարի հեղինակը Մարիաննա Փայտյանն է, ով լրագրողական հետաքննության ընթացքում ոչ միայն հանդիպել է հայազգի փորձագետների հետ, այլև բացառիկ նկարահանումներ է կատարել Գերմանիայում՝ գերմանացի ուսումնասիրողների ուղեկցությամբ, եղել այն դատարանում, որտեղ անցկացվել է դատավարությունը, փորձել պարզել, թե ինչու դատարանում Սողոմոնի տված ցուցմունքն ու նրա կենսագրական տվյալները հաճախ չեն համընկնում։ Նկարահանումներ են կատարվել Բեռլինի թուրքական էքստերիտորիալ տարածքում գտնվող թուրքական գերեզմանատանը, որտեղ ժամանակին թաղված է եղել Թալեաթը։ Մինչ այսօր, այնտեղ են Բեհաէդդին Շաքիրի և Ջեմալ Ազմիի գերեզմանները, որոնք մյուս ոճրագործների՝ Թուրքիայում գտնվող գերեզմանների հետ միասին ուխտատեղի են դարձել թուրք ծայրահեղականների համար:
Ֆիլմի պատրաստման ընթացքում հեղինակներին հաջողվել է զրուցել Սողոմոնի ազգականների՝ զարմիկի և թոռնուհու հետ:
Նկարահանումների ընթացքում բազմաթիվ հետաքրքիր փաստաթղթեր են վերհանվել, այդ թվում՝ Սողոմոնի բանտում գրած օրագիրը, Պոտսդամում Լեփսիուսի տանը պահվող բացառիկ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Սողոմոնի դատավարությանը:
«Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան» ֆիլմի ռեժիսորն Ամալյա Սարգսյանն է, օպերատորը՝ Կարեն Թորոսյանը, մոնտաժը կատարել է Գոռ Արևշատյանը, երաժշտության հեղինակը՝ Արթուր Թադևոսյանն է, նկարիչը՝ Զաքար Դեմիրճյանը: