20/04/2017 19:49
«Իգլա»-ի փորձաքննության արդյունքներին Սամվել Բաբայանը և նրա պաշտպանը չեն առարկել (Տեսանյութ)
Վրաստանից Հայաստան «Իգլա»-ի տեղափոխման քրեական գործի շրջանակներում կատարված դատաձգաբանական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ հայտնաբերվածը «Իգլա» տեսակի ռազմամթերք է: Այդ մասին այսօր դատարանից դուրս գալուց հետո հայտարարեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
«Զենք չէ, որովհետև հայտնաբերված վիճակում չի կարող կիրառվել իր նպատակային նշանակությանը համապատասխան: Անհրաժեշտ մասեր բացակայում են: Ընդամենը ռազմամթերք է: Մենք փորձաքննության նկատմամբ առարկություն չենք հայտնել», -ասաց փաստաբանը:
Բաբայանի դեմ ցուցմունք չեն տվել, բայց կատարվել է առերեսում այս գործով մյուս կալանավորված Սանասար Գաբրիելյանի հետ:
«Սանասար Գաբրիելյանը իր ցուցմունքում և նաև առերեսման ժամանակ հերքել է այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը և ինքը որևէ առնչություն ունեն այդ «Իգլա»-ին: Առերեսում կատարվում է հակասության դեպքում, այս դեպքում հակասությունը խոսակցության վերաբերյալ էր, որն այնքան էական չէ», - ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է «Իգլա»-ի վրայի մատնահետքերին, Քալաշյանն ասաց, որ դրանք գործով ներգրավված անձանցից որևէ մեկին էլ չի պատկանում: Իսկ գործով երրորդ կալանավորված անձը, որի մասին քննությունը վարող ԱԱԾ քննչական վարչությունը տեղեկություններ չի հայտնում, Սամվել Բաբայանի հետ որևէ առնչություն չի ունեցել:
«Սամվել Բաբայանը այս գործի շրջանակներում ճանաչում է միայն Սանասար Գաբրիելյանին, այլ անձանց չի ճանաչում», - ասաց Քալաշյանը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Սամվել Բաբայանը Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել էր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ երկու ամսով կալանավորելու մասին:
Վերաքննիչ քրեական դատարանը այսօր բողոքի քննությունից հետո գնացել է խորհրդակցական սենյակ, և որոշումը կհրապարակվի վաղը՝ ապրիլի 21-ին: