20/04/2017 19:34
Սամվել Բաբայանը դատարանում քաղաքական հայտարարություններ չի արել (Տեսանյութ)
«Իգլա»-ի տեղափոխման գործով կալանքի տակ գտնվող Սամվել Բաբայանը դատարանում հայտարարել է, որ իր նկատմամբ կիրառված կալանքը անհիմն է և Վերաքննիչ դատարանին խնդրեց վերացնել կալանքի որոշումը: Այդ մասին այսօր դատարանից դուրս գալուց հետո հայտարարեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը Սամվել Բաբայանի բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ապրիլի 21-ին:
«Նա ասաց, որ քննությունից չի փախնի և փախնելու տեղ էլ չունի», - ասաց փաստաբանը՝ նշելով, որ և՛ դատախազը, և՛ գործը վարած քննիչը առարկել են և նշել, որ Սամվել Բաբայանի նկատմամբ կիրառված կալանքը հիմքեր ունի:
«Իմ ներկայացրած փաստերի վերաբերյալ ոչ մի հակափաստարկ չնշվեց», - ասաց փաստաբանը:
Քալաշյանի խոսքով՝ Սամվել Բաբայանը քաղաքական հայտարարություններ դատարանում չի արել, միայն ասել է, որ կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ:
Փաստաբանը այսօր էլ պնդեց, որ Սամվել Բաբայանի կալանավորման հիմքում քաղաքական ենթատեքստ չկա. «Ասել ու նորից եմ պնդում, որ սա ես դիտարկում եմ քրեաիրավական հարթության մեջ: Ես դեռևս որևէ հիմք չունեմ այս հարցին քաղաքական երանգ տալու»: Նա չբացառեց, որ վաղվա որոշումը և նաև քննության հետագա ընթացքը կարող են փոխել իր կարծիքը:
Դիտարկմանը, թե մամուլում կան տեղեկություններ, որ Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակվել, Քալաշյանը արձագանքեց. «Աստված տա»: