21/04/2017 12:14
Նկարահանվել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան տեսաբացիկը (Լուսանկարներ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը, որը եթեր կհեռարձակվի Արծվիկի եվրատեսիլյան ելույթից անմիջապես առաջ: Մրցույթի կազմակերպիչների որոշմամբ՝ այս տարի տեսանյութերը նկարահանել են մասնակից երկրների Հանրային հեռուստաընկերությունների ստեղծագործական խմբերը:
Տեսաբացիկներն այս տարի կներկայացնեն մրցույթի մասնակիցների զգացողությունները բեմ բարձրանալուց անմիջապես առաջ, ինչպես նաև՝ մի քանի ակնթարթներ, որոնք առավելագույնս տպավորել են արտիստներին:
Հայաստանյան տեսաբացիկում ներկայացված կլինի Արծվիկի կյանքի ամենահիշարժան և տպավորիչ ակնթարթը՝ հաղթանակը «Դեպի եվրատեսիլ»-ում: Բացի այդ, տեսանյութում կլինի Արծվիկի՝ օդապարիկով թռիքը, որը, ինչպես «Եվրատեսիլ»-ին մասնակցելը, տարիներ շարունակ եղել է նրա երազանքը:
Հայաստանյան պատվիրակին թռիչքի ընթացքում ուղեկցել են մրցութային «Fly with me» երգի հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Լիլիթ Նավասարդյանը, ովքեր, ինչպես երգում, այնպես էլ տեսաբացիկում, կոչ են անում եվրատեսիլյան երկրպագուներին՝ «թռչել» Արծվիկի հետ:
«Ես անմոռանալի տպավորություն ստացա թռիչքիցս: Աննկարագարելի է, թե ինչ ես զգում, երբ գտնվում ես երկրի ու երկնքի միջև, ամպերին այդքան մոտ: Հույս ունեմ, որ տեսաբացիկի միջոցով էմոցիաներս կկարողանամ փոխանցել երկրպագուներիս»,- նշում է երգչուհին:
Տեսաբացիկում, որպես Հայաստանը ներկայացնող հետաքրքիր և յուրահատուկ վայր, ընտրվել է Նորավանքը:
Բացի այդ, ներկայացվում է ընկերական ջերմ հանդիպում գինու շուրջ, որտեղ Արծվիկին ուղեկցում են նաև բեք-վոկալիստներ Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Ամալյա Մարգարյանը, Վիկտորիա Պողոսյանը և երգի համահեղինակ Դավիթ Ծերունյանը: Երիտասարդների հանդիպումը խորհրդանշում է խնջույքներին հայկական գինեխմության ավանդույթը: