21/04/2017 12:41
Հայաստանը շարունակելու է աշխատել ՀԱՊԿ-ի ամրապնդման ուղղությամբ. Վիգեն Սարգսյան
ՀԱՊԿ-ը երբեք չեմ քննադատել, ասել եմ, որ այդ կառույցը, որը շատ կարևոր բաղադրիչ է Հայաստանի անվտանգության համակարգում, ունի մի շարք խնդիրներ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այդ խնդիրներից ես մատնանշել եմ երկուսը` մեկը փափուկ ուժի մեխանիզմների բացակայությունն է, երկրորդը` արտաքին քաղաքական հարցերով անդամ երկրների փոխադարձ շահերի հաշվի առնելու խնդիրը», - ասաց Վիգեն Սարգսյանն` ընդծելով, որ դա միայն ՀԱՊԿ-ի խնդիրը չէ ու շատ ավելի երկար պատմություն ունեցող կառույցներից, օրինակ` ՆԱՏՕ-ում, անդամ երկրները կարող են ունենալ ոչ միայն իրար հաշվի չառնող, այլև` իրար հակադիր կարծիքներ:
«Մենք, այնուամենայնիվ, շատ բարձր ենք գնահատել մինչև այսօր ՀԱՊԿ-ի՝ որպես կառույցի, հայտարարություններն ու դիրքորոշումները, այդ թվում` Արցախյան խնդրի հետ կապված և գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի արված հայտարարությունները, երբ լարման պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շատ ադեկվատ՝ մեր անդամակցած կառույցի գլխավոր քարտուղարին համաչափ դրսևորում է ունեցել», - ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց` Հայաստանը շարունակելու է աշխատել ՀԱՊԿ-ի ամրապնդման ուղղությամբ:
«Շարունակելու ենք աշխատել ՀԱՊԿ-ի ամրապնդման ուղղությամբ: ՀԱՊԿ-ն իրականում շատ մեծ խնդիրներ լուծող կառույց է, այդ թվում՝ ռազմական կրթության, ձեռքբերումների համակարգի ներդրման, օպերատիվ արձագանքման ուժերի ձևավորման, նաև խաղաղապահ ուժերի կարողությունների զարգացման ուղղությամբ: Մենք տեսնում ենք այդ ներուժն ու շարունակելու ենք ամեն ինչ անել, որ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը լինի առավելագույն արդյունավետ և օգտակար», - նշեց պաշտպանության նախարարը: