Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ բողոքը, և վերջինս կմնա կալանքի տակ։ Այդ մասին քիչ առաջ հայտարարեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը։
Սամվել Բաբայանը որոշման հրապարակմանը ներկա չէր։ Փոխարենը դրսում որոշմանն էին սպասում «Համախմբում» կուսակցության անդամներ Գեղամ Նազարյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Անդրանիկ Թևանյանը։
Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո Փաստաբան Ավետիս Քալաշյանը հարցին, թե ե՞րբ կարելի է քաղաքական ենթատեքստ ունենալու մասին հայտարարություն անել, պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա։
«Միայն այս որոշումով չի, որ կարելի է նման հայտարարություն անել, ընթացքում կերևա», - ասաց փաստաբանը։
Հիշեցնենք՝ Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին երեք անձ, որոնցից հայտնի են միայն երկուսը՝ Սամվել Բաբայանը և նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը:
Նրանց բոլորին առաջադրվել է միևնույն մեղադրանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» և 235.1. հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը»:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: