21/04/2017 14:36
Կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած առևտրականներից մի քանիսը բարձրացան վարչապետի խորհրդականի մոտ
Կառավարության դիմաց շարունակվում է մի քանի առևտրի կենտրոնների աշխատակիցների բողոքի ակցիան։ Վերջիններս պահանջում էին հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։
Կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանն առևտրի կենտրոնների աշխատակիցներին առաջարկեց քննարկման համար մի քանի հոգով բարձրանալ վերև՝ վարչապետի խորհրդականի հետ քննարկելու հարցը։
Բողոքի ակցիայի մասնակիցներն ընդունեցին առաջարկը։
Նրանցից երեքը բարձրացան կառավարության շենք։ Այս պահին հանդիպումը շարունակվում է։
Ավելի վաղ նշել էինք, որ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել «Փեթակ», «Ֆիրդուսի», «Առինջ մոլ» և «Սուրմալու» առևտրի կենտրոնների աշխատակիցները: Նրանք բողոքում են հարկային բեռից, մասնավորապես, պահանջում են ազատել իրենց հարկերից:
Վերջիններիս պնդմամբ՝ ՊԵԿ-ը հավասար պայմաններ չի ստեղծում առևտրի կենտրոնների համար։
Պետական եկամուտների կոմիտեից էլ պարզաբանում են ներկայացրել, թե տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է։