22/04/2017 16:19
«Համահայկական նվագախմբում» կան երաժիշտներ, ում նախնիները Ցեղասպանությունից մազապուրծ են եղել. նվագախմբի անդրանիկ համերգը՝ ապրիլի 24-ին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ և Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Համահայկական նվագախումբ» նախագիծն այլևս իրականություն է, ապրիլի 24-ին էլ հանրությանը կներկայանա իր անդրանիկ համերգով: Համերգին ընդառաջ լրագողների հետ այսօր հանդիպեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, «Համահայկական նվագախմբի» կոնցերտմայստեր Արմեն Մովսիսյանը, դիրիժորներ Էդուարդ Թոփչյանն ու Կարեն Դուրգարյանը: Եվս երեք դիրիժորներ՝ Հովհաննես Չեքիջյանը, Կոնստանտին Օրբելյանը և Սերգեյ Սմբատյանը, Երևանից բացակայելու պատճառով, չկարողացան ներկա գտնվել ասուլիսին:
«Այստեղ հավաքվել են աշխարհահռչակ երաժիշտներ, ովքեր բացառիկ համբավ ու տաղանդ ունեն: Նրանցից յուրաքանչյուրն իր ապրած երկրում կարողանում է ստեղծել արվեստի բացառիկ կոթողներ: Նրանք իրենց գենետիկ արյան կանչով հավաքվել են Հայաստանում՝ խնկարկելու մեր նախնիների հիշատակը: Այս նվագախմբի հիմնական գաղափարը միասնականությունն է՝ աշխարհին ցույց տալու, որ, ցավոք, թեկուզ աշխարհով ցաքուցրիվ եղած, բայց ցեղասպանության զոհ դարձած ընտանիքների ժառանգները կարողանում են համախմբվել Հայաստանում ու միասնականություն քարոզել արվեստի լեզվով», - լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արմեն Ամիրյանը:
Նախարարը խոստովեց՝ ներկա է եղել նվագախմբի առաջին իսկ փորձին ու լսել փառահեղ հնչողություն, որը երկար տարիներ ոչ մի տեղ չէր լսել:
Դիրիժոր Կարեն Դուրգարյանն էլ օրեր առաջ է վերադարձել Հայաստան ու կարևորում է տարբեր երկրներից երաժիշտների ներկայությունն այս նախագծին:
«Դրսից եկած մեր հայ կոլեգաները, որոնցից ոմանք առաջին անգամ են այստեղ, շատ ոգևորված են: Վստահ եմ, եթե այս պրոյեկտը տարվա մեջ գոնե մի քանի անգամ հավաքվի, կունենանք համաշխարհային ազգային լավագույն նվագախմբերից մեկը: Համահայկական այն նախագծերը, որոնք ծառայում են հայ գաղափարին, կարևոր են: Այս ազգը դարերով ապրել, գոյատևել է միայն այն պատճառով, որ հզոր մշակույթ ունի», - ընդգծեց նա:
Գաղափարը սկզբում դժվար իրագործելի էր թվում, սակայն սրտացավ ղեկավարների շնորհիվ հնարավոր եղավ կյանքի կոչել՝ նկատեց Էդուարդ Թոչյանն ու հավելեց.
«Մենք արդեն փորձեր ենք անում, ընդամենը երկու օրից համերգն է: Մեր միակ մտածմունքն արդեն միայն այն է, որ կարողանանք այս կարճ ժամանակում ամեն ինչ իմի բերել ու լավ համերգ ունենալ: Այստեղ տարբեր «դպրոցների» ներկայացուցիչներ են հավաքված, որոնցից շատերն առաջին անգամ են միմյանց հետ աշխատելու: Կարծում եմ՝ երկու-երեք օրվա համար բավական լուրջ ձեռքբերումներ ունենք, տեսնենք՝ ապրիլի 24-ին ինչ կստացվի»:
Նախագծին մասնակցում են հայազգի 90 պրոֆեսիոնալ երաժիշտներ, որոնցից 70-ը՝ աշխարհի 20 այլ երկրների 45 քաղաքներից: Ապրիլի 24-ին «Համահայկական նվագախումբը» կկատարի միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Աճեմյան, Ավետ Տերտերյան, Բաբաջանյան, Երկանյան և այլք…
Կոնցերտմայստեր Արմեն Մովսիսյանի խոսքերով՝ սա ֆանտաստիկ պրոյեկտ է, որը միախմբել է տարբեր երկրների երաժիշտների: Նրանցից շատերը երկար տարիներ չեն եղել Օպերայի դահլիճում ու հիմա նման առիթ ունեն:
«Համահայկական նվագախմբի» ապրիլ 24-յան ծրագրի ռեժիսորը Արամ Սուքիասյանն է, ծրագրի մշակումը ռեժիսոր-դիրիժորներ-նախարար միասնական ուժերով է կայացել: Առաջիկայում նվագախումբն այս ծրագրով հանդես կգա նաև աշխարհի հայաշատ գաղթօջախնեում:
Բանախոսները տեղեկացրեցին, որ «Համահայկական նվագախմբում» կան երաժիշտներ, որոնց նախնիները ցեղասպանությունից մազապուրծ են եղել: