25/04/2017 13:42
Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության հասցեական դատապարտումը Ադրբեջանի գործողություններին
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերին և Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին է ներկայացրել արցախյան հակամարտության կողմերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, ներկայում տիրող իրավիճակը:
Որպես հակամարտության կարգավորման բանակցությունների արդյունավետության կարևոր գրավական՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է իրավիճակը սրող և նախահարձակ կողմին միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրամիության կողմից հասցեական դատապարտման միջոցով սթափեցնելու, ինչպես նաև առաջնագծում իրավիճակի դիտարկման, միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմների և այլ լուծումների միջոցով փոխվստահության միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:
Հերբերթ Զալբերը նշել է, որ Եվրամիությունն ընդունում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը` պատրաստ լինելով ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը: