25/04/2017 14:39
Հնդկական ընկերությունների համար պատրաստ ենք նպաստավոր պայմաններ ապահովել, որ Հայաստանում գործունեություն ծավալեն. Վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի գլխավորած կառավարական պատվիրակությանը, այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Ողջունելով Հնդկաստանի փոխնախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական համագործակցությանն ու զարգացմանը:
«Մեր ժողովուրդների հարաբերություններն ունեն հարուստ պատմություն: Այսօր էլ հայ-հնդկական քաղաքական հարաբերություններին հատուկ են բարձր մակարդակի փոխըմբռնումն ու վստահությունը: Այս տարի նշում ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: Չնայած մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին՝ տնտեսական համագործակցության ոլորտում դեռ շատ անելիքներ կան, քանի որ առկա է մեծ ներուժ», - նշել է Կարեն Կարապետյանը:
Տնտեսական ոլորտում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարության ղեկավարն առաջարկել է թիրախավորել երկու բնագավառ՝ տեխնոլոգիաների փոխանցում և գյուղատնտեսություն, միաժամանակ, անհրաժեշտ համարելով շարունակել համագործակցությունը մյուս բոլոր ներուժ ունեցող ոլորտներում: Վարչապետի խոսքով, տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում առավել սերտ կարելի է համագործակցել տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, առողջապահության և մեքենաշինության ուղղություններով: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ ՏՏ ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված ու օրինակելի համագործակցություն՝ ի դեմս Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի: Վարչապետի դիտարկմամբ, այն մեծ ներուժ ունի որպես բիզնես ծրագիր, և դրա հետագա շահագործմանն ու արդիականացմանը պետք է մոտենալ այդ տեսանկյունից: Կարեն Կարապետյանը կարևորել է առողջապահության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը և շնորհակալություն հայտնել հնդկական կողմին հեռաբժշկության ցանցի ստեղծման համար տրամադրած օժանդակության կապակցությամբ:
«Մենք պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ նպաստավոր պայմաններ հնդկական ընկերությունների համար Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով: Այս համատեքստում կցանկանայի նշել Իրանի հետ սահմանին Սյունիքի ազատ տնտեսական գոտին, որը կգործի արդեն աշնանը: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ հետ GSP+ առևտրային ռեժիմն անարգելք մուտք կապահովեն այդ շուկաներ: Առաջարկում ենք դիտարկել նաև հնդկական ընկերությունների ներգրավվումը Հայաստանում գործող ոսկերչական, ակնագործական և ժամագործական «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսությունը նույնպես մեծ ներուժ ունեցող ոլորտ է ու Հայաստանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը:
Այդ առումով, վարչապետը կարևորել է մատչելի պայմաններով հնդկական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի Հայաստան ներկրման և մեքենատրակտորային կայանների ստեղծման հնարավորությունը: Հեռանկարային է համարվել նաև սերմնաբուծության բնագավառում համագործակցության զարգացումը: Տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից կառավարության ղեկավարը կարևորել է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» ծրագիրը, որի հիմնադիրներից է նաև Հնդկաստանը և ավելացրել, որ դրա շրջանակում ՀՀ-ն նախաձեռնել է նախագիծ, որը թույլ կտա Հնդկաստանից Հայաստանի տարածքով տարանցմամբ դեպի ՌԴ և Եվրոպական երկրներ ու հակառակ ուղղությամբ արագ և մատչելի գներով իրականացնել մուլտիմոդալ փոխադրումներ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Համիդ Անսարին ընդգծել է երկու պետությունների ու ժողովուրդների ջերմ, բարեկամական հարաբերությունները:
«Մեր երկրները հարաբերությունների յուրաքանչյուր փուլում գտել են համագործակցելու նպատակներ, ուղիներ, և այն, ինչ եղել է անցյալում, կշարունակվի նաև հետագայում: Այսօրվա աշխարհը տեխնոլոգիաների աշխարհ է և մենք ունենք առաջանցիկ աճ՝ տեխնոլոգիական աշխարհի պահանջներին հարմարվելու առումով: Հնդկաստանն ունի կարողություններ և պատրաստ է դրանք կիսել Հայաստանի հետ, թե ճարտարագիտության, թե մեքենաշինության, թե տեղեկատվական տեխնոլոգիաների, թե առողջապահության, այդ թվում՝ դեղագործության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում»,- ընդգծել է Հնդկաստանի փոխնախագահը: Պարոն Անասարիի խոսքով, այսօր Հայաստանը դեպի Հյուսիս, Արևմուտք և Արևելք իր ասոցացված հարաբերություններով ձեռք է բերել կարևորագույն նշանակություն և Հնդկաստանը կարևորում է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը: Հնդկաստանի փոխնախագահը գրավիչ է համարել նաև մեր երկրի ազատ տնտեսական գոտիներում հնդկական կապիտալը ներգրավելու առաջարկությունը և նշել, որ այն կփոխանցեն հնդիկ գործարարներին: «Կարևորն այն է, որ հնդկական բիզնեսն այսօր ունի կարողություն և պատրաստակամություն՝ Հնդկաստանից դուրս ներդրումներ կատարելու համար: Մենք մեծ ուշադրությամբ կդիտարկենք և կօժանդակենք, որպեսզի ավելի լայն դաշտում Հնդկաստանն ու Հայաստանը բացահայտեն համագործակցության նոր հնարավորություններ»,- շեշտել է Համիդ Անսարին՝ պատրաստակամություն հայտնելով սերտորեն գործակցել նաև գյուտեխնիկայի մատակարարման և մյուս ոլորտներում: Հնդկաստանի փոխնախագահի խոսքով, հայ-հնդկական հարաբերությունները վաղեմի են, բարիդրացիական, խոստումնալից և Հնդկաստանը բաց է, պատրաստակամ՝ լիարժեք համագործակցելու Հայաստանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ուղիղ օդային կապի հաստատման հնարավորությանը, ինչն առևտրատնտեսական համագործակցության ու զբոսաշրջության զարգացման լավ միջոց կարող է լինել, վիզային ռեժիմի դյուրացմանը, հայ-հնդկական բիզնես ֆորումի անցկացմանը, կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի: