25/04/2017 12:10
Թողարկվել է «Անուշ» օպերային նվիրված փոստային բացիկ
2017 թվականի ապրիլի 21-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով փոստային բացիկ՝ նվիրված ««Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային: Մարումը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում, տեղեկացնում են «Հայփոստ»-ի լրատվական ծառայությունից:
Փոստային բացիկը պատրաստվել է 500 հատ տպաքանակով: Բացիկի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Բացիկ նամականիշի վրա պատկերված են ՀՀ ժողովրդական արտիստ, տենոր Ավագ Պետրոսյանը՝ Սարոյի դերում և ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Գոհար Գասպարյանը՝ Անուշի դերում: Նրանք պատկերված են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի խորապատկերին:
Փոստային բացիկի ներքևի ձախ անկյունում ներկայացված են «Անուշ» օպերայի հին աֆիշները՝ բեմական վարագույրների ներքո:
Մեկ նամականիշով փոստային բացիկի մարման արարողությանը մասնակցեցին՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Ավագ Պետրոսյանի որդին՝ դիրիժոր և դաշնակահար Արա Պետրոսյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը: