25/04/2017 12:32
Հնդկաստանի փոխնախագահին ճանապարհելուց հետո բողոքող առևտրականները դարձյալ կառավարության դիմաց են
Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությունը հեռացավ կառավարությունից, որտեղ հանդիպում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Aysor.am-ի թղթակիցը փոխանցում է, որ «Առինջ մոլ», «Սուրմալու», «Փեթակ» և «Ֆիրդուսի» առևտրի կենտրոնների աշխատակիցները դարձյալ հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով ազատել իրենց ավելորդ հարկերից։
Նրանք նշում են, թե օրեր շարունակ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում առևտրի կենտրոններում, ինչպես նաև հաճախորդներից պահանջում են փաստաթղթեր:
Առևտրականները պահանջում են, որ իրենց ընդունի ոչ թե վարչապետի օգնականը, այլ անձամբ Կարեն Կարապետյանը։
Այսօր ավելի վաղ նրանք դարձյալ հավաքվել էին կառավարության դիմաց, սակայն կառավարությունում պատրաստվում էին ընդունել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը:
Առևտրականներին խնդրել էին ժամանակավորապես ազատել տարածքը՝ դիմավորման արարողությունը պատշաճ կազմակերպելու նպատակով: