25/04/2017 19:10
Ռուս զինծառայողին սպանելու մեջ կասկածվողը կալանավորվեց 2 ամսով. նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը բավարարեց Քննչական կոմիտեի` Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող Ա. Ջանջուղազյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, Aysor.am-ին տեղեկացրեց Ա. Ջանջուղազյանի հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանը:
Նա ասաց, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` սպանություն:
Aysor.am-ի հարցին, թե արդյոք հանրային պաշտպան բողոքարելու է կալանքի վերաբերյալ որոշումը, Սյուզաննա Խչեյանն ասաց, որ այդ հարցին դեռ չի կարող պատասխանել.
«Պետք է ծանոթանամ գործի նյութերին, հետո կկայացնենք որոշում», - ասաց վերջինս` ընդգծելով, որ իր պաշտպանյալն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: