26/04/2017 19:22
Ինձ ասում էր՝ հե՛տ գնա, ինձ վրա կրակում են, վտանգավոր է. Ապրիլյան պատերազմի հերոս Արման Ավետիսյան
2016 թվականի ապրիլյան առաջին օրերը հերթական ահազանգը հնչեցրեցին՝ ստորագրված ցանկացած պայմանագիր, փոխհամաձայնություն թշնամու համար ոչինչ է: Քաղաքակրթության մեր ժամանակներում նա շարունակում է դարանակալել ու հարձակվելու հարմար պահի սպասել՝ մոռանալով, որ հայ զինվորը միշտ զգոն է, պատրաստ՝ պաշտպանելու սեփական տունը:
Նախորդ ապրիլը և՛ մեր կողքին ապրող, և՛ սեփական կյանքի գնով մեզ պաշտպանած հերոսներ ծնեց:
Մեր կողքին ապրող հերոսներից Արման Ավետիսյանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ջրականի (Ջաբրայիլ) դիրքում մարտական հերթապահություն էր անցկացնում: Առաջին հարվածներից մեկն էլ իրենց բաժին ընկավ:
«Առավոտյան ժամը 4:30-ին անակնկալ հարձակվեցին: Սկզբում ականանետներով էին հարվածում, բայց դա սովորական երևույթ էր, մեզ թվաց՝ հերթական սադրանքն է, որը 2-3 օրը մեկ լինում է: Դիվերսիոն փորձեր հաճախ են եղել, բայց առավել չեն ծավալվել, միշտ կարողացել ենք հետ շպրտել: Չէինք մտածում, որ այս անգամ ռազմական գործողություններ են սկսել, պատերազմ է: Բայց զգացինք, որ առանց դադարի են կրակում ու իրենց, հիմնականում, բարձունքն է հետաքրքրում: Նախ բարձունքի դիրքերի վրա հարձակվեցին, մենք էլ այդ բարձունքը պահող դիրքերից մեկն էինք», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց մերօրյա հերոսը:
Հիշում է՝ շրջանաձև պաշտպանության էին անցել, դիրքապահներից մեկը հրամանատարին ձայն տվեց, թե առաջնագծում շարժ կա.
«Կողքի դիրքերում արդեն լուրջ մարտեր էին ընթանում, վերևում անօդաչու սարքեր էին հայտնվել, թուրքերը դիրքեր էին մտել… Արդեն գիտակցում էինք, որ լայնածավալ պատերազմական գործողություններ են սկսվել: Մեր դասակի հրամանատարը՝ լեյտենանտ Շահբազյանը, գնաց առաջնագիծ՝ տեսնելու, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ շարժ է: Առաջնագծում ինչ-որ մեկին նկատելով՝ կրակել էր, ու իր ուղղությամբ նռնակ էին գցել: Վիրավորվել էր»:
Արմանն առույգ հերթափոխից էր, ու երբ իմացավ, որ իր հրամանատարը վիրավորվել է, ժամանակ չկորցրեց: Անմիջապես շտապեց օգնության՝ չսպասելով անգամ որևէ հրամանի:
«Այդ պահին չես էլ հասկանում, թե ինչն է քեզ ստիպում նման քայլի դիմել: Նա սահմանից 10-15 մետր էր առաջ գնացել ու վիրավորվել: Նռնակի պայթյունից ոտքերում բազմաթիվ բեկորներ էին հայտնվել, չէր կարողանում քայլել: Ինձ ասում էր՝ չէ՛, հե՛տ գնա, ինձ վրա կրակում են, վտանգավոր է: Արդեն ինձ էլ էին նկատել, ինձ վրա էլ կրակում էին, բայց փորձեցի դուրս բերել նրան: Ճանապարհի կեսն էինք վերադարձել, իմ ոտքերի տակ էլ նռնակ գցեցին: Երկու-երեք անգամ փորձեցի կանգնել, չկարողացա: Սկզբում մտածում էի, թե գլուխս է պտտվում: Ձայներն այնքան խուլ էին լսվում, որ կարծեցի՝ թմբկաթաղանթներս է պայթել հարվածից», - փորձելով հուզմունքը թաքցնել՝ ամեն մի ակնթարթը վերհիշում էր զրուցակիցս:
Մտքով անգամ չէր անցնում, որ կարող է ոտքից զրկված լինել: Ստորին վերջույթում ցավեր զգալով՝ շոշափել ու հասկացել է, որ ոտքը կտրվել է.
«Այդ պահն ինձ համար շատ դժվար էր: Երբ գիտակցում ես, թե ինչ է եղել քեզ հետ, ցավերդ ավելի են ուժեղանում… Տղաները սպասում էին, թե երբ պետք է Շահբազյանին բերեմ, որպեսզի ներքև իջեցնենք: Երբ բարձր գոռացինք, մեզ օգնության հասան: Ինձ Արթիկի Մեծ Մանթաշ գյուղից զորակոչված Արման Անդրեասյանն իջեցրեց բլինդաժ, լեյտենանտին էլ՝ տղաներից մեկը: Դիրքում պատերազմ էր ընթանում, բոլոր տղաներն այնտեղ էին: Ինքս եմ ինձ օգնություն ցուցաբերել՝ իմ զինվորական գոտիով ոտքս կապել ու մոտ 2 ժամ այդպես մնացել»…
Սակայն վիրավոր զինվորն ու հրամանատարը պարապ չէին մնում: Մոռանալով սեփական վերքերը՝ տղաներին օգնում էին՝ լիցքավորելով նրանց զենքերը: Մոտ երկու ժամ էր անցել, զորամասից օգնություն եկավ, տղաների համար փամփուշտներ էին բերել, Արմանին էլ պետք է իջեցնեին զորամաս: Մինչև կհասնեին մեքենային, որ նստեին, նորից կրակեցին: Փամփուշտը նորից Արմանի ձախ ոտքին դիպավ: Մեքենան ստիպված էին սարերի միջով քշել, քանի որ ճանապարհը տանկերով էր փակված…
Ցավին գումարվել էր արյան կորուստը, ու Արմանն արդեն սկսել էր գիտակցության կորուստ ունենալ: Արթնացավ գիշերվա ժամը 3-ին՝ Ստեփանակերտի հոսպիտալում, ապրիլի 3-ի առավոտյան էլ տեղափոխեցին Երևան: Հայաստան տեղափոխված առաջին վիրավորն էր…
Սարսափելի լուրի մասին իմացավ ուղղաթիռի մեջ՝ Երևան գալու ճանապարհին. Արման Անդրեասյանը, Ազատ Սիմոնյանը, լեյտենանտ Շահբազյանը… իր կողքին գտնվող բոլոր մարտական ընկերները հենց այդ գիշեր զոհվել էին…
Հեռախոսի մյուս ծայրում գտնվող մերօրյա հերոսը լռեց. երևի նորից ընկերներին, նրանց հետ ապրած, անցած ու գնացած օրերը հիշեց…
«Գիտեք, թեև վիրավորվել, կրակոցների տակ ճանապարհ անցել, մահն աչքերովս եմ տեսել, բայց հույսս մինչև վերջ չէի կորցնում: Եթե նույնիսկ գիտես, որ հաստատ պարտվելու ես, ապրելուդ հնարավորությունը փոքր է, միևնուն է, մինչև վերջին վայրկյանն էլ պայքարում ես, հավատում… Մեկ ամսից ավելի Մուրացանի հոսպիտալում պառկելուց ու դուրս գրվելուց հետո գնացի զորամաս, տեսա УАЗ մակնիշի այն մեքենան, որով ինձ տեղափոխել են. փամփուշտներն իմ գլխից երևի 5-6 սմ բարձրության վրա են անցել», -խոստովանեց նա:
Արմանն ընտանիքի միակ զավակն է, իր մայրիկի միակ հույսն ու ապավենը: Իր որոշմամբ՝ առաջինն իրեն տեսնելու հնարավորությունը տրվեց մորեղբորը: Ուզում էր հենց նրա միջոցով մորը պատրաստել՝ վիրավոր որդուն տեսնելու:
«Ես բնույթով մի քիչ «չոր կող» եմ: Ղարաբաղի հոսպիտալում մի անգամ «նարկոզ» էին տվել, Երևանում էլ պետք է տային, որ վիրահատեին: Չթողեցի, հրաժարվեցի «նարկոզից»: Չէի ուզում նորից այդքան քնել, ուզում էի տեսնել վիրահատական ընթացքը: Մեջքիցս տեղային ցավազրկում արեցին ու այդպես վիրահատեցին… Վերակենդանացման բաժնում Բժշկական համալսարանի ուսանող աղջիկներ կային, «պրակտիկանտներ» էին, ինձ հեռախոս տրամադրեցին, առաջինը քեռիիս զանգեցի ու խնդրեցի՝ միայնակ գա մոտս: Հարազատներս հոսպիտալի դիմացն էին, գիտեին, որ վիրավոր եմ, բայց չգիտեին, որ ոտքս կտրվել է… Վրաս սավան կար, երբ մի կողմ տարա ու ոտքս ցույց տվեցի, աչքերը լցրեց, բայց իրեն պինդ պահեց: Խնդրեցի՝ մորս պատրաստել, ասել, որ մոտս չլացի, հակառակ դեպքում՝ ավելի լավ է չգա… Բայց շատ էի սպասում մայրիկիս հետ հանդիպմանը, շատ-շատ (ժպտում է՝ հեղ.)… Երբ մայրս ինձ տեսավ, հուզվեց, աչքերը լցրեց ու պալատից դուրս եկավ: Հասկանում եմ իրեն, ծնող է, այլ կերպ չէր կարող… Գիտեք, ես սկսեցի գիտակցել, որ եղածը եղած է, այլևս ոչինչ չեմ կարող վերադարձնել: Կարող էր ինձ համար առավել վատ լինել… Այդ պահից տրամադրությունս փոխեցի: Ինձ ու նույն պալատում գտնվող ընկերներիս շատ օգնեցին նաև այցելուները, ժողովուրդը, ովքեր ամեն կերպ ոգևորում էին, մեր կողքին էին… Չնայած՝ ինձ հաճախ են ասում՝ ամեն ինչ կանցնի, կմոռանաս, բայց նման բան չկա, չես կարող մոռանալ: Վերքդ կարող է սպիանալ, բայց՝ ոչ ջնջվել: Ամեն առավոտ, երբ արթնանում ու պրոթեզը ոտքիդ ես հագնում, ինքդ քեզ հարց ես տալիս՝ ինչո՞ւ այդպես եղավ: Մտաբերում, վերհիշում ու նորից ապրում ես այդ օրը, օրերը», - նկատեց նա:
Մերօրյա հերոսը ծնունդով Արարատ գյուղից է՝ ինչպես ինքը նկատեց, սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրենակիցը: Բարձր գնահատելով սպարապետի գործը՝ նաև ընդգծեց, որ իր հերոսը Ավոն է՝ Մոնթե Մելքոնյանը: Մարդ, ով կարող էր դրսում հանգիստ կյանքով ապրել, բայց եկավ Հայաստան ու մեկնեց առաջնագիծ, կռվեց ու զոհվեց…
Ապրիլյան պատերազմի օրերին մենք՝ թիկունքում գտնվողներս, համախմբված էինք: Հարցրեցի՝ ինչպիսի՞ն էր այդ առումով մթնոլորտը ճակատում: Ժպտաց, մի քիչ մտածեց ու խոստովանեց՝ 19-20 տարեկան տղաներ էին, մի պահ խուճապի մատնվեցին, բայց՝ միայն մի պահ.
«Զենքին տեսականորեն էինք տիրապետում, պատերազմ չէինք ապրել, ժամանակն էր՝ ապացուցելու, որ կարող ենք ստացած գիտելիքները կիրառել: Տղաները, մեկը մյուսին օգնելով, կռվում էին, դիմանում, պաշտպանում, փրկում… Եթե համախմբվածություն չլիներ, և՛ տարածքային, և՛ մարդկային առավել մեծ կորուստներ կունենայինք»:
Պատերազմն Արմանին ոչ միայն հասունացրել, այլև՝ առավել բարի ու հանդուրժող է դարձրել: Այն, ինչ տեսել է պատերազմում, չի կարող համեմատել քաղաքացիական կյանքում հանդիպող դժվարությունների հետ: Ու հենց այդ պատճառով էլ՝ նոր դժվարություններին թեթև է նայում:
«Չնայած ոտքս պրոթեզավորած է, բայց կարող եմ և՛ քայլել, և՛ վազել, և՛ հեծանիվ քշել: Չկա մի բան, որ չկարողանամ անել: Առավել նպատակասլաց եմ դարձել ու հասկացել՝ ամեն ինչ անցողիկ է… Աշխարհայացքս փոխվել է: Հասկանում եմ, որ կյանքը չափազանց կարևոր ու լուրջ բան է, պետք է ամեն վայրկյան ունեցածդ պահես, գնահատես: Երբ երկու ոտքով էի, երբեք չէի մտածում՝ ձախ ո՞տքս է ավելի լավը, թե՞ աջ: Բայց հիմա, երբ ձախ ոտքս պրոթեզ է, աջս առավել շատ եմ գնահատում, նրա վրա ավելի վստահ եմ», - ժպիտով ասաց նա:
Ապրիլյան պատերազմի միջով անցած մարտական ընկերներին երբեմն հանդիպում է, առավել մոտ է Նորայր Զախարյանի հետ:
Բոլորովին վերջերս քառօրյա պատերազմի ընթացքում հերոսի մահով ընկած կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրիկի հետ նկարահանվեց տեսահոլովակ-տեսանյութում՝ նվիրված ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Առաջին անգամ էր տեսնում տիկին Համեստին, բայց միշտ ցանկացել էր ծանոթանալ: Գիտեր՝ որդեկորույս մայրն իրեն շատ էր նմանեցնում որդուն ու որդու կարոտը նաև նրանից էր առնում…
Որպես զինվոր՝ Արման Ավետիսյանը վիրավորված է: Ականջին խոսակցություններ են հասել, որոնք պատիվ չէին բերի ոչ մի զինվորի: Ավելին, այդ մտացածին պատմությունները, մեղմ ասած, նեղացնում են վիրավորում ստացած ապրիլյան հերոսներից յուրաքանչյուրին:
«Բուժման նպատակով հաճախ եմ լինում Եվրոպայում ու Ամերիկայում: Այստեղ իմանում եմ, որ երբ վիրավոր զինվորներին օգնելու համար դիմել են Պաշտպանության նախարարություն, այնտեղ մարդիկ են եղել, ովքեր ասել են՝ դեռ պետք է ճշտենք, թե ինչից են վիրավորվել: Գուցե իրենք իրենց վիրավորել են, որ պատերազմի՞ց խուսափեն… Դա շատ վիրավորական է: Օրինակ, ես ինչպե՞ս կարող եմ սեփական ոտքիս տակ նռնակ պայթեցնել, ինչ է, թե խուսափեմ պատերազմից: Էլ ո՞րն է խուսափելուս իմաստը: Ընդհանրապես, մեր վիրավոր զինվորներն անտեսված են: Պետության կողմից ուշադրության պակաս կա: Խոսքը նյութական օգնության մասին չի, այլ՝ վերաբերմունքի», - նկատեց զրուցակիցս:
Արման Ավետիսյանի՝ Եվրոպայում բուժման ծախսերը այնտեղ բնակվող բժշկուհի բարերան է հոգացել: Ի դեպ, այս օրերին տեղի հայ համայնքի հրավերով, հեռուստամարաթոնին մասնակցելու առաջարկով Արմանն ԱՄՆ-ում է գտնվում: Հայաստան կվերադառնա մայիսի 20-ին՝ կազմակերպիչների հետ, հավաքված ողջ գումարը կտրամադրեն զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին:
Լավատեսությունը չկորցնող, զրույցի ողջ ընթացքում ժպտացող հերոսն այժմ Ագրարային համալսարանի Մեխանիկական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է: Բայց նպատակ ունի ուսումը շարունակել տնտեսագիտական ոլորտում:
Ապրիլյան պատերազմի հերոսը մեկ ցանկություն ունի. մայրերը, հատկապես մեր հայ մայրերը, կյանքում չտխրեն, նրանց արցունքները թող միայն երջանկությունից հոսեն: Մաղթանքն էլ հայ զինվորին է ուղղված: Չէ՞ որ արդեն սեփական փորձով գիտի՝ ինչ է նշանակում հայրենիք պաշտպանել, ծառայել, կռվել, պայքարել ու ապրել:
«Ամեն մի զինվորի մայր ինձ համար սրբություն է, նրանք առյուծածին են, իրենց տղաներով աշխարհն է հպարտանում… Իսկ մեր զինվորներին ուզում եմ ասել՝ շարունակեք «դուխով» մնալ: Անկախ նրանից, թե որտեղ կլինեմ, անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ ձեր կողքին կանգնել: Ձեզ բոլորը, այդ թվում հայրենիքից դուրս, շատ սիրում ու հարգում են: Ամեն մի միջոցառման, սեղանի ձեր կենացն է խմվում: Անփորձանք, ուշադիր ու զգոն եղեք, սահմանին կանգնած տղերք ջան», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արման Ավետիսյանը: