26/04/2017 14:09
«Ճտերն աշնանն են հաշվում». Նարեկ Դուրյանի նոր ներկայացումը՝ «Բոհեմ» թատրոնում
Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը հանրության դատին կհանձնի նոր`«Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացումը: Պրեմիերան տեղի կունենա մայիսի 3-ին և 9-ին: Ներկայացման հեղինակն է Նարեկ Դուրյանը, համահեղինակներն են Թելման Առաքելյանը և Ռաֆի Թադևոսյանը: Դերերում իրար կողք կողքի հանդես են գալիս փորձառու և սիրված (Նարեկ Դուրյան, Վարուժան Մանուկյան, Գրիգոր Հակոբան, Ռաֆայել Երանոսյան, Անդրանիկ Հարությունյան, Թամարա Պետրոսյան և այլք), ինչպես նաև երիտասարդ դերասաններ:
«Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ապրիլի 26-ին նախատեսվում է ներկայացման փակ պրեմիերան:
«Օրը շատ խորհրդանշական է.ապրիլի 26-ը Նարեկ Դուրյանի ծննդյան օրն է, երկրորդը` նոր ներկայացում ենք ցուցադրելու, իսկ նա շատ է սիրում իր ծննդյան օրը նշել նոր ներկայացումներով: Բացի այդ, այս տարի Դուրյանի ղեկավարած Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կուրսն ավարտում է բուհը, և սա, կարծես, նրանց դիպլոմային աշխատանքը լինի», - նշեց նա:
«Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացման հիմքում մի դասախոսի և նրա կուրսի ուսանողների փոխհարաբերություններն են: Ներկայացումն օժտված է լինելու անսովոր, հետաքրքիր ու չտեսնված լուծումներով, ունի տարբերվող ձևաչափ: Քրիստինա Հովհաննիսյանը փաստում է` այն մեծամասշտաբ ներկայացում է.բեմադրության մեջ ընդգրկված է 25 դերասան: Առավել կարևոր է այն փաստը, որ հիմնական շեշտը դրված է երիտասարդների վրա, քանի որ Նարեկ Դուրյանի գերնպատակը երիտասարդներին բեմ բարձրացնել է, նրանց իրենց տաղանդը ներկայացնելու ու բեմում հանդես գալու հնարավորություն ընձեռելը:
«Ներկայացման երաժշտական ձևավորումը կատարել է Նարեկ Դուրյանը: Ամբողջ ներկայացումն այնպիսին է, որ կարծես երաժշտությունը «խոսում» է մարդկանց հետ»,-հավելեց Քրիստինա Հովհաննիսյանը` հույս հայտնելով, որ այն դուր կգա հանդիսատեսին: