27/04/2017 11:52
Պարզ խոսելու ժամանակ փոքր ու միջին բիզնեսը ամեն ինչ հասկանալու է. Վարչապետ
Տոնավաճառներում առևտրային գործուենությամբ զբաղվող ձեռներեցները վեջերս բարձրացրել են իրենց հուզող հարցերը, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Պարոն Հարությունյան, ես գիտեմ, որ դուք շփվել եք իրենց հետ, կարո՞ղ եք մեզ տեղեկություն տրամադրել», - դիմելով ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին՝ ասաց վարչապետը։
ՊԵԿ նախագահը նշեց, որ իրենց կողմից իրականացվող հսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշացնող բնույթ և որևէ տնտեսվարող չի տուգանվել։
«Տոնավաճառ կազմակերպողները, սկսած նոյեմբերից, պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը և ՀԴՄ կտրոնների տրամադրումը: Արդյունքում՝ դրական միտում կա, միջին ու փոքր բիզնեսը հասկացել է, որ այդ ամենն ուղղված չէ իրենց դեմ, այլ ուղղված է խոշոր բիզնեսի կողմից շրջանառությունն ավելի հստակեցնելուն», - ընդգծեց Վարդան Հարությունյանը:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ կազմվել է համատեղ աշխատանքային խումբ ու ՊԵԿ-ը սպասում է, որ մի քանի օրվա ընթացքում առևտրականների կողմից պետք է ներկայացվեն առաջարկություններ՝ համատեղ քննարկման համար:
«Շատ հստակ էդ շարունակում եք: Մեր գաղափարախոսությունը հետևյալն է՝ փոքր ու միջին բիզնեսի բեռը չի ավելանալու, բայց փոքր ու միջին բիզնեսը հաշվառելով, իրա բեռը չավելացնելով՝ մենք պետք է հասկանանք, որ խոշոր բիզնեսի շրջանառությունը և հաշվառումը բոլոր խոշոր բիզնեսում ունենալու ենք: Պետք է պարզ իրենց հետ խոսենք, պարզ խոսելու ժամանակ իրենք ամեն ինչ հասկանալու են», - ասաց վարչապետը: