27/04/2017 16:03
Թրամփը հրաժարվել է Մեքսիկայի և Կանադայի հետ առևտրային համաձայնագիրը խզելու մտքից
ԱՄՆ-ն դեռ դուրս չի գա Մեքսիկայի և Կանադայի հետ ազատ առևտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագրից: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը: Պայմանագրի խզումն իր նախընտրական խոստումներից մեկն է եղել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ազատ առևտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականին: Այժմ Վաշինգտոնը ցանկանում է վերանայել պայմանագրի պայմանները, որը մինչ ընտրությունները Թրամփն անվանել էր աշխատատեղերի «սպանող» և պատմության մեջ «վատթարագույն առևտրային համաձայնագիրը»:
Նախօրեին ԱՄՆ առաջնորդը բանակցություններ է վարել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի և Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ:
«Ես հավատում եմ, որ վերջնական արդյունքը (պայմանագրի փոփոխությունների շուրջ բանակցությունների) բոլոր երեք երկրներն է՛լ ավելի ուժեղ և լավը կդարձնի», - ասել է Թրամփը: