27/04/2017 11:15
ՀՀ-ԵՄ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրումը երկար սպասեցնել չի տա. Սերգեյ Ավետիսյան
ՀՀ քաղավիացիայի ոլորտի համար շատ կարևոր քայլ է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրումը, ասաց ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ, ՀՀ բանակցային խմբի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլի մեկնարկին:
«Մենք մեկ ֆունդամենտալ քայլով առաջ ենք գնում՝ մեր և ԵՄ միջև քաղավիացիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից։ Այս համաձայնագիրը կարևորվում է մի շարք հանգամանքներով. կարգավորում և ազատականացնում ենք դաշտը միանգամից ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ», - ասաց Սերգեյ Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ պարտավորվում են Հայաստանում տեղայնացնել ԵՄ-ում արդեն իսկ հաջողությամբ կիրառվող չափանիշներն ու ստանդարտները։
«Դա ՀՀ-ում կստեղծի ավելի կանխատեսելի, ճիշտ կառուցված և ներկայիս մեր քաղաքականությանը համապատասխանող իրավական դաշտ, որն իր հերթին կհանգեցնի ավիաընկերությունների կողմից երկարաժամկետ ծրագրերի կառուցման նախապայմանների», - ընդգծեց Սերգեյ Ավետիսյանը։
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն ասաց, որ պայմանագրի ստորագրումը երկար սպասեցնել չի տա։
«Մեր քաղաքացիներն ու պոտենցիալ հյուրերն իրենց վրա կզգան այս համաձայնագրի ավելի կիրառական և առարկայական պտուղները։ Այս ամենը բերելու է մրցակցության ավելացմանը՝ ավիաընկերությունների ակտիվացման շնորհիվ, ինչն իր հերթին բերելու է աշխարհագրական դիվերսիֆիկացիայի, տոմսերի գների անկման, որակի ավելացման», - նշեց նա:
Եվրոպական հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, ԵՄ բանակցային խմբի ղեկավար Կլաուս Գեյլը ևս կարևորեց համաձայանգիրը՝ նշելով, որ Հայաստանի համար սա նոր հնարավորությունների դաշտ կստեղծի։
Նա նշեց, որ Հայաստանը կկարողանա կիրառել այս ոլորտում Եվրոպայի ունեցած փորձառությունը։
«Մատուցվող ծառայությունների որակն ավելի բարձր կլինի, կկարողանանք աճ գրանցել այս ոլորտում։ Հայաստանը, միգուցե, դառնա հանգույց տարանցիկ փոխանցումների համար թե՛ տարածաշրջանում, թե՛ տարածաշրջանից դուրս», -ասաց Կլաուս Գեյլը։