27/04/2017 10:42
Հայաստանցիները կկարողանան ավելի մատչելի գներով ճամփորդել դեպի Եվրոպա
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը։
Բանակցային խումբը հայկական կողմից ղեկավարում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, ԵՄ բանակցային խոիմբը՝ Եվրոպական հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը։
«Սա շատ կարևոր է կարգավորման միասնական դաշտի ստեղծման համար: Հայաստանն ի վիճակի կլինի աշխարհի հետ կապվել, չեն լինի փակ սահմաններ», - համաձայնագրի բանակցությունների մեկնարկին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
Նախատեսվող համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն։
«Սա օգտակար կլինի շարքային քաղաքացիների համար։ Այս համաձայնագիրը քաջալերում է, որպեսզի դրական հնարավորություններ ու լրացուցիչ կապեր ստեղծվեն և հայաստանցիները կարողանան ավելի մատչելի գներով ճամփորդել դեպի Եվրոպա։ Զբոսաշրջությունը ևս կզարգանա», - ասաց Պյոտր Սվիտալսկին։