28/04/2017 13:18
Բյուլբյուլօղլին խայտառակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածուների լսումների ժամանակ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Ադրբեջանը ներկայացնող Փոլադ Բյուլբյուլօղլին ապրիլի 27-ին Ֆրանսիայում կայացած թեկնածուների լսումների նիստի ժամանակ խայտառակ իրավիճակում է հայտնվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի նախագահը զգուշացրել է Բյուլբյուլօղլիին, որ թեկնածուները պարտադիր կերպով պետք է խոսեն անգլերեն կամ ֆրանսերեն:
Դեսպանը գրավոր պատրաստած մի քանի նախադասություն կարդալուց հետո, սակայն, ներողություն է խնդրել և անցել է ռուսերենին:
«Ինքս գոհ չեմ իմ անգլերենի մակարդակից, սակայն կարևորը դա չէ, կարևորը այն է, թե ինչ կա մարդու գլխում», - նշել է նա:
Բյուլբյուլօղլին չի կարողացել նաև հավուր պատշաճի պատասխանել նիստի ներկաների հարցերին` շարունակ շեշտադրելով միայն այն փաստը, իբր պատրաստվում է մեծ գումարներ բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ին տարբեր ծրագրերի իրականացման համար: Ուշագրավ է, որ համաշխարհային ժառանգության պահպանությամբ զբաղվող ամենահեղինակավոր կառույցներից մեկի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում է մի մարդ, ում մշակույթի նախարար լինելու օրոք Ադրբեջանում վայրենաբար ոչնչացվեցին Նախիջևանի՝ Հին Ջուղայի հայկական միջնադարյան խաչքարերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել էին Համաշխարհային ժառանգություն:
Այս հանցանքի կատարման ամբողջ ընթացքում Բյուլբյուլօղլին բառ անգամ չի արտասանել կատարվածը դատապարտելու կամ այն կանխելու նպատակով: Բացի այդ, արդեն Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնում նա բազմիցս կիրառել է ռազմական հռետորաբանություն` պատրաստակամություն հայտնելով զենք վերցնել ու կռվել հայերի դեմ: