28/04/2017 16:41
Բաքուն շարունակում է կառչած մնալ տարիներ շարունակ իր որդեգրած սադրանքների քաղաքականությունից. ՀՀ ԱԳՆ
Բանակցային գործընթացում որևէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել՝ խոսելով սադրանքների լեզվով, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Բաքվի կողմից շփման գծում իրավիճակի լարումը, որի հետևանքով Արցախի ՊԲ զինվոր է զոհվել։
«Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարևորում բանակցային գործընթացը, այլապես չէր վտանգի այն՝ արտգործնախարարների հանդիպման օրը զինադադարի հերթական կոպտագույն խախտում իրականացնելով», - նշել է Տ.Բալայանը:
Նրա խոսքով, նման սադրանքի գնալով այն ժամանակ, երբ բոլորը սպասում են մոսկովյան հանդիպման արդյունքին՝ Բաքուն նաև հստակ ի ցույց է դնում, որ իրականում հետաքրքրված չէ դրանով և, անկախ նրանից, թե ինչ մակարդակով հանդիպում է ընթանում, շարունակում է կառչած մնալ տարիներ շարունակ իր որդեգրած սադրանքների քաղաքականությունից։