01/05/2017 10:22
Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնություն. Հայաստան 3 – 1 Ֆինլանդիա
Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում կայացել է 7-րդ տուրը, որում Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիայի նկատմամբ:
Հայաստանի ընտրանու կազմում հաղթանակներ են տոնել 1-ին և 2-րդ խաղատախտակների վրա համապատասխանաբար հանդես եկող Ռաֆայել Վահանյանը և Արտաշես Մինասյանը, իսկ Սերգեյ Գալդունցը և Նորայր Քալանթարյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով:
7-րդ տուրից հետո 14 միավոր վաստակած Ռուսաստանի հավաքականը շարունակում է գլխավորել աղյուսակը: Հայաստանի ընտրանին 11 թիմային միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում, իսկ Անգլիայի առաջին հավաքականը 10 միավորով գտնվում է 3-րդ տեղում:
Այսօր կայանալիք 8-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Գերմանիայի կանանց հավաքականը:
Նշենք, որ 6-րդ տուրում Հայաստանի մրցակիցն էր Իսրայելի երկրորդ հավաքականը: Մրցախաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով.առաջին խաղատախտակի վրա Ռաֆայել Վահանյանը հաշտություն է կնքել Բարիս Կանցլերի հետ, ոչ-ոքի է ավարտվել նաև 3-րդ խաղատախտակի վրա ընթացող Կարեն Մովսիսյան-Բորիս Մարյասին պարտիան, 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Գալդունցը հաղթանակ է տոնել Ալեքս Պոլյակովի նկատմամբ, իսկ Արտաշես Մինասյանը պարտություն է կրել: