02/05/2017 11:43
Վալերի Պերմյակովը, հնարավոր է, տեղափոխվի Ռուսաստան. քննարկվում է նրա պատժի կրման կազմակերպման հարցը
Մոտ օրերս որոշում կկայացվի, թե որտեղ է իր պատիժը կրելու Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը։
«Ես զուտ տեսականորեն ասում եմ, որ, հնարավոր է, Վալերի Պերմյակովը տեղափոխվի Ռուսաստան: Կոնկրետ որևէ տվյալ չկա, ասում եմ՝ զուտ հաշվի առնելով այն փաստը, որ ինքը եղել է Ռուսաստանի դատապարտյալ, երբ որ գործը մտել է դատարան», -Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։
Պաշտպանի խոսքով՝ իրեն հասած տեղեկություններով, տուժողների վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։
«Իսկ դա նշանակում է, որ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, այսինքն՝ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն արդեն վերջնականապես պետք է որոշի Պերմյակովի պատիժը կրելու հարցը», - ընդգծեց ռուս զինծառայողի հանրային պաշտպանը։
Նա նաև նշեց, որ որևէ տեղեկություն չունի Ռուսաստանում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին Վ. Պերմյակովի հետ փոխանակելու՝ մամուլում շրջանառվող լուրերի մասին:
Վ. Պերմյակովին Հրաչյա Հարությունյանի հետ փոխանակելու մասին լուրերը հերքեցին ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում», - փոխանցեցին նախարարությունից։
Իսկ նրան Ռուսաստան տեղափոխելու վերաբերյալ հարցը դեռ քննարկման փուլում է։
«Վալերի Պերմյակովը դատապարտվել է և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից, այդ իսկ պատճառով ներկայում ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է Վ. Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցերը», - Aysor.am-ին հայտնեցին նախարարությունից։
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին. նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։
Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
2016 թվականի օգոստոսի 23-ին Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015 թ-ի հունվարի 13-ից: Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար:
Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: