02/05/2017 12:55
Արծվիկը սկսել է իր եվրատեսիլյան «թռիչքը». առաջին արձագանքները Կիևից
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մասնակցել է եվրատեսիլյան առաջին փորձին և շատ ոգևորված է:
«Չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել զգացողություններս փոխանցելու համար: Այս պահերի մասին երազել եմ դեռ այն ժամանակ, երբ լրացնում էի «Դեպի եվրատեսիլ»-ի հայտը: Ամեն բան այնքան տպավորիչ է, այնպիսի թևեր եմ ստանում, երբ բեմում գիտակցում եմ, որ ներկայացնում եմ իմ երկիը», - նշել է Արծվիկը:
«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակի` երեկվա եվրատեսիլյան փորձը լավագույնն է ճանաչվել մրցույթը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների կողմից և արժանացել 100 առավելագույն միավորի:
«Շատ շնորհակալ եմ բոլորին քվեարկության և օժանդակության համար: Չափազանց հաճելի անակնկալ էր ինձ համար», - ընդգծեց նա:
Հաջորդ փորձը կկայանա մայիսի 5-ին:
Այսօր Արծվիկը կմասնակցի եվրատեսիլյան տեսաբացիկի երկրորդ մասի նկարահանումներին, իսկ մայիսի 4-ին հանդիպում կունենա Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին՝ Կիևում: Հայ ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո: