02/05/2017 14:49
Երկու անգամներն էլ ունեցա էմոցիոնալ վերելքներ ու անկումներ. Արմեն Ամիրյանը՝ «Խոստումը» ֆիլմի և հայկական ֆիլմարտադրության մասին
Օրերս տեղի ունեցավ երջանկահիշատակ Քըրք Քրքորյանի նախաձեռնած և ռեժիսոր Թերրի Ջորջի նկարահանած Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ֆիլմի հիմնական կազմում հոլիվուդյան արտիստներ են, սցենարն էլ պատկանում է Թերի Ջորջին և Ռոբին Սվիքորդին:
Հայ հասարակության մի մասի մոտ արդարացված տարակուսանք առաջացավ՝ որքանո՞վ կկարողանա հոլիվուդյան ձեռագրով ֆիլմն իրականությունը պատմել աշխարհին Հայոց Մեծ եղեռնի մասին: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին սկզբում ևս անհանգստացրել է այս հարցը: Aysor.am-ի հետ զրույցում նախարարը խոստովանեց՝ ֆիլմը երկու անգամ ու երկու լեզուներով է դիտել. լոսանջելեսյան պրեմիերային՝ անգլերեն, հայաստանյան պրեմիերային՝ հայերեն թարգմանությամբ:
«Անշուշտ, երկու անգամներն էլ ունեցա էմոցիոնալ վերելքներ ու անկումներ: Իմ կարծիքով, եթե ֆիլմը մեզ համար ոչ այնքան ազդեցիկ է, ապա օտար դիտողի համար շատ ազդեցիկ է: Այն նպատակները, խնդիրները, որոնք դրված են եղել ֆիլմի ստեղծագործական խմբի առաջ, լիովին կատարվել են: Հավատում եմ, որ այս ֆիլմն իր հասանելիք գործը ժամանակի ընթացքում լիովին անելու է», - նշեց մեր զրուցակիցը:
Նկատառմանը՝ վաղուց ժամանակը չէ՞ արդյոք հայկական ֆիլմարտադրությունում ունենալ մեր իսկ ձեռագրով ու իրական զգացողություններով նկարահանված ֆիլմ սեփական ժողովրդի ողբերգության մասին, նախարարը պատասխանեց.
«Անպայման, դա ևս լինելու է, հասնելու ենք դրան: Բայց հավատացեք, համաշխարհային հանրությանը հասանելի լինելու համար մեր արտադրությունը շատ քիչ է: Պետք է կարողանանք համատեղ արտադրություններ անել, այդ ճանապարհով ավելի հեշտ կլինի հասնել բուն նպատակին: Մեր արտադրած ֆիլմերը առայժմ չեն կարող բավարար շուկաներ գրավել»:
Ա. Ամիրյանը տեղեկացրեց նաև, որ այժմ 2017 և 2018 թվականներին կյանքի կոչվող ֆիլմարտադրության նոր նախագծեր են քննարկվում ու մշակվում, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են նաև Հայոց ցեղասպանության հարցին:
«Շուտով կսկսենք Գոհար Գասպարյանի կյանքին նվիրված ֆիլմի նախապատրաստական աշխատանքները: Նա հայրենադարձված ընտանիքի զավակ էր, այդ գերդաստանի շառավիղը: Նման ֆիլմերում Ցեղասպանության թեմային չանդրադառնալ չի լինի: Պետք է ցույց տանք՝ որքան էլ հային կոտորեցին, միևնույն է՝ աշխարհով մեկ դեգերելով ու Հայաստան վերադառնալով՝ նրանց շառավիղները կարողացան շենացնել մեր հայրենիքը, դառնալ համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց մշակույթի նախարարը: