03/05/2017 19:16
Նոր պայմանագրով եվրոպական ավիաընկերությունները չվերթներ իրականացնելու որևէ խոչընդոտ ՀՀ-ում չեն ունենալու. Աննա Չոբանյան
Ապրիլի 27-ին ՀՀ-ի և ԵՄ-ի միջև մեկնարկեց Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը: Իսկ այսօր՝ մայիսի 3-ին, ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտատարեց, որ բանակցությունները հաջող են ընթացել, և, հնարավոր է, Բրյուսելում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլից հետո համաձայնագիրը ստորագրվի: Թե ինչպեն են ընթացել այդ բանակցությունները, ինչ դրույթներ են ընդգրկված բանակցային փաստաթղթում և կոնկրետ ինչպիսի առավելություններ կտան դրանք Հայաստանին, Aysor.am-ի թղթակիցը զրուցել է Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանի հետ:
- Կխնդրեի Ձեզ՝ որպես բանակցող կողմ, ավելի մանրամասն ներկայացնել, թե կոնկրետ ո՞ր հարցերի շուրջ են ընթանում բանակցությունները և փաստացի ի՞նչ առավելություններ կտա դրա ստորագրումը Հայաստանին:
- Մեզ մոտ 2013 թվականի վերջից հայտարարվեց բաց երկնքի քաղաքականության մասին, ու մենք սկսեցինք դիմել աշխարհին՝ տեղեկացնելու մեր երկրում վարվող քաղաքականության վերաբերյալ և առաջարկում էինք երկկողմանի գործող համաձայնագրերը վերանայել՝ այնտեղից վերացնելով որոշ սահմանափակումներ՝ չվերթների իրականացման հնարավորության մասով ավիաընկերությունների կողմից: Սկսեցին երկկողմանի գործընթացներ: Հետո արդեն հասկացանք, որ շատ ավելի ճիշտ և մեր երկրի ավիացիայի զարգացման վրա ավելի լավ ազդեցություն կթողնի այն, որ մենք մտածենք ընդհանուր ավիացիոն գոտուն միանալուն: Ի՞նչ է սա նշանակում: Արդեն մենք ունենք երկկողամանի պայմանագրեր գրեթե բոլոր ԵՄ պետությունների հետ և հերթով պետք էր վերանայել դրանք: Սա ասում ենք եղած սահմանափակումների մասին: Իսկ հիմա արդեն նոր համաձայնագրով, երբ արդեն բանակցությունները կավարտվեն ու համաձայնագիրը կստորագրվի, մենք եվրոպական բոլոր անդամ պետությունների հետ կունենանք ազատականացված դաշտ, այսինքն՝ սահմանափակումների վերացում: Իսկ սա արդեն կբերի ավիաընկերությունների մոտ կանխատեսելի, վստահելի միջավայր, այսինքն՝ ավիաընկերությունն իր առաջիկա ծրագրերը կազմելիս կարող է պլանավորել իր կոմերցիոն նկատառումներից ելնելով, այնքան չվերթ իրականացնել, ինչքան որ նախատեսվում է: Եվ վստահ լինելով, որ երբևէ որևէ կողմ չի սահմանափակի չվերթների իրականացման ոչ հաճախականությունը, ոչ էլ տարողությունը:
- Ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու առավելություններից գոնե մեկը կարո՞ղ եք մանրամասնել:
- Մենք, դառնալով ավիացիոն գոտու մի մաս, բացի նրանից, որ ազատականացնում ենք դաշտը միանգամից ամբողջ ԵՄ-ի հետ, այլ նաև ընդունում ենք եվրոպական միության օրենսդրությունն ավիացիայի ոլորտում: Սակայն, ոչ թե այն մեր երկրում միանգամից սկսում ենք կիրառել, այլ՝ ադապտացնում ենք դա, այսինքն՝ մեր երկրի համար ընդունելի, կիրառելի ձևաչափով ընդունում ենք արդեն իսկ այնտեղ արդյունավետորեն կիրառվող չափանիշները:
- Իսկ այդ պայմանագրով նախատեսվու՞մ են ուղիղ չվերթներ դեպի մի շարք ԵՄ երկրներ, քանի որ, ինչպես գիտենք, տվյալ ուղղություններով տրանզիտով ավիափոխադրումները թանկ են, իսկ մոտավորապես ինչքանո՞վ կէժանանան նշված ուղղություններով ավիատոմսերի արժեքը:
- Պայմանագիրը, որպես այդպիսին, այս ոլորտում մեր երկրների միջև փոխհարաբերությունների իրավական հիմքն է: Ավիաընկերությունների կողմից չվերթների իրականացումն արդեն իրենց կոմերցիոն որոշումն է: Մենք հայտարարում ենք, որ այս պայմանագիրը ստեղծում է այդ ավիաընկերությունների՝ Հայաստան գալու համար բոլոր նախապայմանները: Պայմանագրում նման դրույթներ, որ ստորագրումից մեկ ամիս կամ մեկ տարի հետո էս ինչ, էս ինչ ավիաընկերությունները պետք է շահագործեն էս ինչ երթուղիները, չի կարող լինել: Պայմանագրում ֆիքսվում է այն, որ երբևէ որևէ ավիաըկերություն չի ունենալու չվերթներ իրականացնելու որևէ խոչընդոտ: Իսկ ինչ վերաբերում է գներին, ասեմ, որ այն կախված է ներգրված ավիաընկերությունների քանակից, շուկայում եղած պահանջարկից, երբ մրցակցությունը շատանա և սակագները կփոփոխվեն:
- Իսկ կոնկրետ բանակցությունների մթնոլորտն ինչպիսի՞ն է: Կա՞ն խնդրահարույց կետեր, որոնք կարող են դանդաղեցնել բանակցությունների ընթացքը:
- Այո՛, կան բանակցային որոշ կետեր, բայց դրանք չեն կարող համարվել խնդիրներ են կամ խոչընդոտներ ԵՄ-ի կամ մեր կողմից: Սա շատ սովորական գործընթաց է, մենք միշտ ունենում ենք որոշ հոդվածներ, որոնք ենթակա են լինում համատեղ քննարկման և ըդնհանուր լուծման: Ինչո՞վ են տարբերվում այս բանակցությունները մնացածներից, այսօր մենք բանակցում են եվրոպական հանձնաժողովի հետ, որը ներկայանում է եվրոպական անդամ պետությունների անունից: Այսինքն՝ մենք կարողանում ենք ընդամենը մեկ թիմի, ոչ թե տարբեր ներկայացուցիչների հետ, քննարկել բոլոր հարցերը, ինչը հեշտացնում բանակցային գործընթացը:
- Կարո՞ղ ենք արձանագրել այն, որ բանակցությունների առաջին փուլը եղել է արդյունավետ:
- Առաջին փուլում բավականին քիչ բաց հարցեր են մնացել: Երբեմն նույնիսկ երկկողմանի բանակցություններում լինում է, որ մի քանի փուլով ենք կարողանում դրանք ավարտել: Իսկ այսօր մենք կարող ենք ասել, որ նման լուրջ, ծավալուն պայմանագրի քննարկման հարցում ընդամենը մի քանի կետ են մնացել: