03/05/2017 13:15
Սերգեյ Ավետիսյանը նշել է խնդիրները, որոնք կլուծվեն ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի ստորագրմամբ
ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցությունների 1-ին փուլի մեկնարկն արդեն տրված է։
«Մեր գործընկերների հետ ունեցել ենք շատ արդյունավետ և դինամիկ բանակցություններ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
Նա նշեց, որ ընդգծել են այն կետերն ու հարցերը, որոնք ճշգրտման կարիք ունեն, նախանշել անելիքները, որոնք պետք է կատարվեն։
«Բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու Բրյուսելում, ըստ նախնական պայմանավորվածության՝ հունիսի երկրորդ կեսին։ Եթե այսպես շարունակվի, բավական արագ կհասնենք բանակցությունների ավարտին, ինչից հետո կգանք համաձայնագրի ստորագրմանը», - ասաց Սերգեյ Ավետիսյանը։
Նա միաժամանակ նշեց, որ շատ են հարցեր տրվում, թե ի վերջո ինչ է տալու համաձայնագիրը Հայաստանի Հանրապետությանը.
«Համաձայնագրի ստորագրումը չափազանց կարևոր է մեր երկրի քաղավիացիայի զարգացման համար, քանի որ դա այն անբաժան քայլերից էր, որը բաց երկրնքի քաղաքականության անցնելուց հետո պետք է կատարեր ՀՀ-ն։ Ըստ էության, ազատականացնում ենք դաշտը ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ, մեր օրենսդրության մեջ մտցնում ենք այն իրավական կարգավորումները, որոնք իրավական հիմք և բազա կստեղծեն ավիաընկերությունների համար այստեղ ավելի ապահով և կանխատեսելի զգալու համար»։
Քաղավիացիայի պետի խոսքով՝ այս պահի դրությամբ ԵՄ անդամ ոչ բոլոր երկրների հետ է, որ ՀՀ-ն ունի իրավապայմանագրային հարաբերություններ ավիացիայի ոլորտում, կան նաև երկրներ, որոնց հետ ունի, բայց իրավապայմանագրերը չեն համապատասխանում ՀՀ ներկայիս պահանջներին։
Հետևաբար, ըստ Ս. Ավետիսյանի, ստորագրվելիք համաձայնագրով այդ բոլոր խնդիրները լուծվելու են և ՀՀ-ն անդամակցելու է այդ միասնական ավիացիոն գոտու մեծ ընտանիքին։