03/05/2017 14:38
Էրդողանը Ռուսաստանին կոչ է արել շուտափույթ չեղարկել առևտրային սահմանափակումները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անհրաժեշտ է համարում, որ Ռուսաստանը հանի առևտրային պատժամիջոցները, ինչը կնպաստի հարաբերությունների վերջնական կարգավորմանը: Այս մասին նա հայտարարել է Անկարայում Սոչի մեկնելուց առաջ, որտեղ հանդիպելու է Պուտինին, փոխանցում է ТАСС-ը:
«Եթե մենք ցանկանում ենք հասնել 100 միլիարդ դոլարի առևտրային շրջանառության, ապա պետք է արագ և ամբողջությամբ չեղարկենք բոլոր սահմանափակումները: Մենք ցանկանում ենք, որպեսզի նման բան տեղի ունենա, մենք պարոն Պուտինի հետ մեծ ջանքեր ենք գործադրում էական հարցերը լուծելու և հարաբերությունները նախկին մակարդակին վերադարձնելու համար», - ասել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքով՝ ավելի վաղ ռուս և թուրք նախարարները քննարկել են պատժամիջոցների չեղարկման թեման: Նա նշել է, որ այդ հարցը կքննարկի Պուտինի հետ: Ըստ Էրդողանի՝ սահմանափակումների չեղարկումը ամենագլխավոր պայմանն է 100 միլիարդ դոլարի առևտրային հաշվեկշռին հասնելու համար:
Նա նաև նշել է, որ հարաբերությունների արդյունավետ զարգացման համար անհրաժեշտ է հանել նաև վիզային սահմանափակումները: