03/05/2017 14:43
Բոլոր 5 նորածինների առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, մասնագետներն ամեն ինչ անում են փոքրիկների կյանքը փրկելու համար
«Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնված հինգ երեխաները կյանքի առաջին իսկ րոպեներին ինտուբացվել են, ապա կլինիկաներում նրանց միացվել են արհեստական շնչառական սարքեր։
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանի հսկողության տակ գտնվող փոքրիկը ժամը 12-ի դրությամբ սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։
Նորածիններից մեկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի, իսկ մյուսը` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներ։ Փոքրիկներից մեկը մնացել է «Էրեբունի» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։
Այս պահին բոլոր 5 նորածնի առողջական վիճակը մասնագետները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանց բուժման ընթացքը գտնվում է նախարարության և անձամբ նախարարի ուշադրության ներքո։
Մասնագետներն ամեն ինչ անում են փոքրիկների կյանքը փրկելու համար։
Նախարարությունից նաև հայտնեցին, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանն չորս աղջիկ և մեկ տղա է լույս աշխարհ բերել այսօր առավոտյան ժամը 4-ին:
Փոքրիկները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։ Անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ ցուցաբերելուց անմիջապես հետո նորածիններից երկուսը` տղան և աղջիկներից մեկը, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական համալիր` ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հսկողության ներքո։