04/05/2017 21:50
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը չպետք է փակվի. Քրիստիան Վիգենին
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հայտարարել է, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության մանդատի ժամկետը երկարաձգելու շուրջ:
«Ցավալի է, որ, չնայած երկարատև ջանքերին, Մշտական խորհուրդը չի կարողացել համաձայնության գալ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատը երկարաձգելու և գրասենյակի կարևոր աշխատանքի շարունակականությունն ապահովելու հարցում: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս ողջունել է տարբեր վայրերում ԵԱՀԿ-ի ներկայությունը և կոչ է արել տալ գրասենյակներին գործունեության մանդատներ և բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, որպեսզի նրանք կարողանան կյանքի կոչել իրենց համար կարևոր ծրագրերը: Բայց, ցավոք, ևս մեկ գործունեության դաշտ փակվում է», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը։
Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը շեշտել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության, ինչպես նաև տարածաշրջանում ԵԱՀԿ-ի ակտիվ մնալու կարևորությունը:
«Հաշվի առնելով անցած տարիների ընթացքում Վրաստանում և Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակների փակումը` երևանյան գրասենյակը
խորհրդանշական նշանակություն և մեծ կարևորություն ունի, որը չպետք է փակվի», - նշել է Վիգենինը:
Նա հույս է հայտնել, որ մինչև երևանյան գրասենյակի փակումը միջանկյալ ժամանակահատվածում հնարավոր կլինի հասնել փոխզիջումային լուծման, որպեսզի երկիրը հնարավորություն ստանա օգտվել ԵԱՀԿ գրասենյակի աջակցությունից: