04/05/2017 11:57
Գազալցակայաններում մատուցվող ծառայությունների որակը գնահատում եմ խիստ անբավարար. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գազալցակայանների շահագործման թերություններին։
«Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում եմ խիստ անբավարար», - նշեց վարչապետը։
Նա ընդգծեց, որ միայն վերջին շրջանում գրանցվել է գազալցակայաններում ու գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը, հատկապես, պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողության պայմանով։
«Խիստ մտահոգիչ է նաև, որ մինչ օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ», - ասաց Կ. Կարապետյանը։
Վարչապետը ՀՀ արտակարգ իրավիճակների ու տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ կառավարության աշխատակազմ ներկայացնել առկա խնդիրների լուծման վերաբերյալ նախագիծ։