04/05/2017 11:39
Շատ կոշտ. վարչապետը կրկին անդրադարձավ աղբահանությանն ու սանիտարական աշխատանքներին
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետը կրկին անդրադարձավ աղբահանությանն ու սանիտարական մաքրման աշխատանքներին։
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը տրամադրված է աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների կատարումը անհրաժեշտ մակարդակի բերելու, ամենուրեք անկանոն թափված աղբի նկատմամբ անհադուժող վերաբերմունք ձևավորելու, օրինազանցների նկատմամբ վարչարարությունը խստացնելու ուղղությամբ։
«2017 թվականի ապրիլի 20-ին առաջարկել ենք «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը, ավելի վաղ՝ 2016 թվականին, հավանության ենք արժանացրել Հայաստանի կոշտ թափոնների կառավարման համակարգի զարգացման հնարավորությունը, հաստատել ենք իրականացվող միջոցառումների ծրագիր, ու այդ առումով ունենք հստակ պատկերացում ու որոշակիացված հեռանկար», - ասաց վարչապետը։
Նա ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ՝ տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունը աղբահանության ու սանիտարական մաքրման ոլորտի պետական լիազոր մարմին ճանաչելու վերաբերյալ։
«Մենք, փաստորեն, առ այսօր նման մարմին չունեինք, մենք «Մաքուր Հայաստան» ծրագիրը հսկողության տակ ենք դնում պարբերաբար, անդրադառնում ենք, թե ուր ենք հասել, ինչ ենք ծրագրավորել և ինչ ենք կատարել, շատ կոշտ», - շեշտեց վարչապետը։