04/05/2017 20:27
Բարեգործական համերգի ողջ հասույթը կտրամադրվի հիվանդ երեխաներին և գործող մանկատներին. Կազմակերպիչ
Բարեգործական համերգ-նախաձեռնությունները աշխարհում տարածված երևույթ են: Հատկապես վերջին տարիներին այդ տենդենցին հետևում են նաև Հայաստանում՝ փորձելով այսկերպ օգտակար լինել այս կամ այն անհատին, կազմակերպությանը, ընտանիքին:
Երգիչ-հաղորդավար Վարդան Բարսեղյանի նախաձեռնությամբ՝ շուտով կմեկնարկի բարեգործական համերգների շարք, որի ողջ հասույթը կտրամադրվի Հայաստանում ապրող հիվանդ երեխաներին ու գործող մանկատներին:
«Նման նախաձեռնություն դեռ 2012 թվականից եմ սկսել: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր կողքիս եղան այդ տարիներին: Այժմ վերսկսում եմ համերգային ծրագրերի շարքը` այս անգամ ավելի մածամասշտաբ: Կլինեն նաև ճաշկերույթներ տարբեր երկրներում, որի ողջ հասույթը ևս կփոխանցվի այդ երեխաներին ու մանկատներին», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Վ. Բարսեղյանը:
Համերգային շրջագայությունները նախատեսվում են և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս: Կազմակերպիչը խոստովանեց՝ թեև հիմնական նախաձեռնությունն իրեն է պատկանում, սակայն կան մարդիկ, ովքեր օգնում են այս հարցում: Տարբեր կազմակերպությունների հետ համագործակցելով՝ հույս ունի, որ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները ևս կլինեն իր կողքին:
«Մենք նաև պայամանավորվածություն ունենք՝ տարեվերջին համերգային ծրագրով հանդես գալ Կանադայում, որտեղից ստացված ողջ հասույթը ևս կփոխանցվի Հայաստան», - տեղեկացրեց նա:
Նախագծում ընդգրկված են հայտնի երգիչ-երգչուհիներ: Համերգային մեկնարկը կսկսվի հունիս ամսին, սակայն, մինչ այդ, հանդես կգան անակնկալ տեսահոլովակով:
«Երգը գրվել է երգահաններ Անահիտ Մխիթարյանի և Րաֆֆի Ալթունյանի կողմից, կատարելու է 10 երգիչ՝ Ալլա Նավասարդյանը, Հասմիկ Խաչատրյանը,Անժելա Բարխուդարյանը,Նելլին, «Խենթություն» վոկալ ստուդիայի սաները, Հայկ Համբարձումյանն ու այլք: Կյանքի յուրաքանչյուր փուլում կան օգնող ձեռքեր, իրենք մենակ չեն. հենց սա է երգի հիմնական ուղերձը, որը ուղղված է այն բոլոր երեխաներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով ունեն առողջական խնդիրներ», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե կան արդյոք արտիստներ, ովքեր հրաժարվել են իրենց նախագծին մասնակցությունից՝ պատասխանեց.
«Փառք Աստծո, նման արտիստներ չկան: Շատ կարևոր է այն փաստը, որ մեր երգիչները միշտ են պատրաստ մասնակցել բարեգործական համերգների»:
Բարեգործական նախագիծը շարունակական բնույթ է ունենալու, բայց արդեն այլ ձևաչափում:
«Որպես հաղորդավար՝ շուտով կներկայանամ նոր հաղորդումով, որն այս նախագծի շարունակությունը կլինի: Ավելին ասել դեռ չեմ կարող, ամեն ինչ առաջիկայում կպատմեմ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Վարդան Բարսեղյանը: