05/05/2017 15:36
Գերտերությունների մեղմ քաղաքականությունից Ադրբեջանն օրեցօր լկտիանում է. Ստեփան Գրիգորյան
ԵԱՀԿ խորհրդարանի վեհաժողովի հայտարարությունն առ այն, որ Երևանի ԵԱՀԿ գրասենյակը դադարելու է իր գործունեությունը՝ Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ թշնամական քաղաքականության ևս մեկ ապացույցն էր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Ադրբեջանը Հայաստանի դեմ թշնամական քաղաքականություն է վարում ոչ միայն Ղարաբաղի հարցով, այլև միջազգային կառույցներում և տարբեր հարթակներում: Պարզ է, որ օգտվել են այդ առիթից: Իրենք հասկանում են, որ ԵԱՀԿ գրասենյակը ինչ-որ մի օղակ է, որի միջոցով մենք աշխարհի և ԵԱՀԿ երկրների հետ ակտիվ աշխատում ենք, ծրագրեր ենք իրականացնում», - նշեց Ս. Գրիգորյանը:
Սակայն, ինչպես նշեց նա, խնդիրը նրանում է, որ գերտերություններն այդ հարցում չեն քննադատել Ադրբեջանին, նրանք այդ մասով հայտնել են ուղղակի ափսոսանք, որը քիչ է, այնինչ՝ պետք է քննադատական կոշտ հայտարարություններով հանդես գային:
«Եթե ԵԱՀԿ շրջանակներում գերտերությունները, մասնավորապես՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան կոշտ դիրքորոշում ցուցաբերեին, ապա Ադրբեջանը հետ կկանգներ նման քայլից: Սակայն ավելի մեղմ քաղաքականություն է տարվում Ադրբեջանի նկատմամբ, որից այդ երկիրն օրեցօր լկտիանում է», - ընդգծեց քաղաքագետը:
Հարցին՝ իսկ ինչո՞վ է պայմանավորված միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ նման հանդուրժողական և մեղմ քաղաքանությունը, նա պատասխանեց.
«Այստեղ կա երկու բաղադրիչ: Առաջինը՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ունի ազդեցություն աշխարհում: Երկրորդ գործոնն այն է, որ Հայաստանը կարող էր միջազգային հարթակներում ավելի ակտիվ գործունեություն ծավալել, հայտարարություններ անել: Վերջին 5 ամսվա մեջ կարելի էր ավելի հետևողական աշխատանք տանել նույն ԵԱՀԿ երկրների հետ»:
Անդրադառնալով նրան՝ ի՞նչ ազդեցություն կունենա գրասենյակի փակումը հենց Հայաստանի վրա, վերջինս հաստատեց.
«Ակնհայտ է, որ բացասական: Պարզ է՝ հիմա էլ կշարունակվի համագործակցությունը, բայց մի բան է գրասենյակ ունենալ ավելի սերտ համագործակցության համար, մեկ այլ բան է գրասենյակ չունենալը»: