05/05/2017 18:58
Հայկական կողմն արձանագրել է հակառակորդի զինծառայողների միջև փոխհրաձգության ձայներ
Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է՝ հայկական կողմն արձանագրել է հակառակորդի զինծառայողների միջև փոխհրաձգության ձայներ, ապա նռնակի պայթյուն:
«Ս.թ. մայիսի 5-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Աշաղի Աբդուրահմանլի բնակավայրի մոտ տեղակայված մարտական հենակետերից մեկում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների միջև փոխհրաձգության ձայներ, այնուհետև նռնակի պայթյուն: Նմանատիպ միջադեպերը հաճախակի կրկնվող երևույթներ են, որոնք մշտապես դիտարկվում և արձանագրվում են հայ դիրքապահների կողմից, ինչը վառ վկայությունն է այն իրողության, որ Ադրբեջանի զինված ուժերում կարգապահական և միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ անմխիթար վիճակում:
Վերոնշյալ միջադեպի արդյունքում հակառակորդ կողմը հավանաբար կունենա կորուստներ, որոնց մասին ավանդույթի համաձայն նախընտրում է չհայտարարել: Չի բացառվում նաև, որ ադրբեջանական էլիտան, իր երևակայությանը բնորոշ շեշտադրումներով, ամենայն հավանականությամբ կփորձի կատարվածի արդյունքում տեղ գտած կորուստները վերագրել հայկական կողմին», - գրված է հաղորդագրության մեջ: