06/05/2017 14:51
Վլադիմիր Պուտինը չի կարող հայ-ռուսական միացյալ զորախմբին ասել՝ «մի գրոհեք». Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյան
ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարը և´ խաղաղ, և´ պատերազմական ժամանակ նշանակվում է ՀՀ զինված ուժերի կազմից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։
«Զեկուցում եմ ձեզ՝ համաձայն հայ-ռուսական համատեղ համաձայնագրի, որը ստորագրվել է 2016 թ. նոյեմբերի 30-ին, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է ՀՀ ԶՈւ զինծառայողների կազմից։ Հրամանատարը նշանակվում և ազատվում է ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի հրամանագրով՝ համաձայնեցնելով այն ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարի հետ», - ասաց Անդրանիկ Մակարյանն՝ ընդգծելով, որ զորամիավորումը գործելու է միայն ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով։
«Այսպես է գրված հայ-ռուսական համաձայնագրի մեջ։ Ե´վ խաղաղ, և´ պատերազմական ժամանակ հրամանատարը նշանակվում է ՀՀ զինված ուժերի կազմից։ Այն նախատեսված է ՀՀ սահմանների անվտանգության ապահովման համար», - ասաց գեներալ-մայորը։
Հարցին՝ արդյոք միացյալ զորախումբը կմիջամտի՞ նաև Արցախի ուղղությամբ սահմանային իրավիճակի լարման դեպքում, Անդրանիկ Մակարյանը պատասխանեց, որ զորախումբը միջամտելու է ցանկացած վտանգի դեպքում և սպասելու, հապաղելու իրավունք չունի։
Լրագրողի ճշտող հարցին՝ «Վլադիմիր Պուտինը չի՞ կարող ձեզ ասել՝ մի գրոհեք», գեներալ-մայորը պատասխանեց՝ «չի կարող»։