06/05/2017 17:20
Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեին պետք է մասնակցի միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը. Շավարշ Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովի հայտարարություններն, ասել է, թե Ադրբեջանն է տապալել ՄԱԿ անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունած բանաձևերի կատարումը։
«Ցանկացած հակամարտության կարգավորում, իսկապես, պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի և առաջին հերթին ՄԱԿ կանոնադրության վրա: ԱԳ փոխնախարարին անհրաժեշտ է հիշեցնել, որ, համաձայն ՄԱԿ կանոնադրության, պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Ինչ վերաբերում է ՄԱԿ անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունած բանաձևերին, ապա հենց Ադրբեջանն է տապալել այդ բանաձևերի կատարումը, բանաձևեր, որոնց հիմնական պահանջը ռազմական գործողությունների դադարեցնումն էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքների, ինչպես նաև Ադրբեջանի՝ ԼՂՀ վերահսկողության ներքո հայտնված տարածքների առկայությունն Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի և հենց Ադրբեջանի կողմից ՄԱԿ անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձևերի չկատարման հետևանքներից մեկն է»,- «Արմենպրես»- հետ զրույցում ասել է Շավարշ Քոչարյանը։
Նա նշել է, թե Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեին պետք է մասնակցի միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։