06/05/2017 17:39
Շնորհավորանքներն ու անտարբեր չլինելն ինձ լիովին բավարարում են. Գուժ Մանուկյանի 80 ամյակին անակնկալ են պատրաստել Գագիկ Հարությունյանն ու ընկերները
ՀՀ Ժողովրդական արտիստ, Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Գուժ Մանուկյանն այսօր տոնում է ծննդյան 80 ամյակը: Aysor.am-ի հետ զրույցում դերասանը տեղեկացրեց՝ թեև օրը հոբելյանական է, սակայն պետական մակարդակով առանձնահատուկ միջոցառում չի կազմակերպվել: Փոխարենը՝ ընկերներն են անակնկալ պատրաստել:
«Իմ և՛ 70, և՛ 75 ամյակների միջոցառումները թատրոնի կողմից նոյեմբեր ամսին են կազմակերպվել: Ներկա են եղել նաև պետական այրեր: Եթե այս անգամ էլ հոբելյանական երեկոյի մտահղացում լինի, հավանաբար, նորից աշնանը կկազմակերպվի: Բայց, երևի ավելի մեծ սրահում, քանի որ ներկա գտնվել ցանկացողները շատ են լինում, իսկ մեր թատրոնի դալիճը 300 հոգանոց է: Իսկ այսօր իմ շատ լավ ընկերների կողմից, ովքեր որոշել են ինձ հաճելի երեկո պարգևել, հրավիրված եմ ռեստորան: Փոքրիկ ընկերական խումբ է, ներկա կլինեն նաև ընտանիքիս անդամները՝ կինս և դուստրս: Ցավոք, եղբայրս վատառողջ է և չի կարողանա մեզ միանալ», - նշեց Ժողովրդական արտիստը:
Միջոցառման նախաձեռնողը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն է, ում մտահղացմանը միացել են դերասանի արվեստագետ ու բժիշկ ընկերները: Հարցին, թե ե՞րբ և ինչպե՞ս է ծնունդ առել Գագիկ Հարությունյանի հետ նրանց ընկերությունը, պատասխանեց.
«Նախ ասեմ, որ այսօր ինձ հյուրընկալող արվեստագետ ընկերներիս թվում են Արմեն Խանդիկյանը, Ժան Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը… Առողջական խնդիրների պատճառով շփվել, իսկ հետագայում բարեկամացել եմ երկու հիասքանչ բժիշկների՝ Հայկի ու Վարդանի հետ, ովքեր նույնպես ներկա կլինեն… Ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանին, նա ինձ համար շատ կարևոր, սրտակից ընկեր է, ով որոշեց իր ընտանիքի հետ այս օրն ինձ հետ ու ինձ համար անցկացնել: Մեր ընկերությունը վաղուցվա պատմություն ունի. նա նաև հրաշալի բանաստեղծ է, ով իր ժողովածուն ժամանակին ինձ էր նվիրել: Այնտեղից 24 գործ ընտրել ու ձայնագրել եմ, շատ էր հավանել: Հետագայում էլ միասին պատրաստեցինք «Այբբենարան բոլորի համար» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը ես էի»:
Օրվա հերոսը ոգևորությամբ ընդգծեց, որ դեռ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորական զանգեր է ստանում: Անդրադառնալով նվերներին՝ նկատեց, որ դուստրն իր համար մի մեծ տորթ էր գնել, համբուրեց ու շնորհավորեց, որն ամենակարևորն է: Թեև նյութական նվերներն էլ իրենց տեղն ունեն, բայց հեռախոսի անդադար զնգոցը նրան ամենաշատն է ուրախացնում:
«Նյութական նվերներ էլ եմ ստացել, որոնց համար շնորհակալ եմ: Օրինակ, 75 ամյակիս Գագիկ Ծառուկյանն ինձ ավտոմեքենա նվիրեց: Բայց աշխատում եմ թույլ չտալ, որ ինձ համար նյութական անակնկալներ անեն, շնորհավորանքներն ու անտարբեր չլինելն ինձ լիովին բավարարում են: Մի հեռախոսի զանգն ավելին արժե, քան՝ նվերները: Նախընտրում եմ ինքս նվերներ անել, և ոչ թե ընդունել», - խոստովանեց նա:
Գուժ Մանուկյանի 80 տարվա ամենամեծ կորուստը ծնողների բացակայությունն է, ամենամեծ ձեռքբերումը՝ մարդկանց սերը:
«Տատիկիս, հայրիկիս ու մայրիկիս բացակայությունն ամենադժվարն է: Նրանք ինձ համար շատ թանկ մարդիկ են եղել: Հայրս դրամատուրգ էր, մայրս՝ դերասանուհի, իսկ տատիկս, ով ռուսական գիմնազիա էր ավարտել, գրագետ ու բանիմաց կին էր, դպրոցական տարիներիս ամենամեծ ուսուցիչն է եղել… Ձեռքբերումներիս շարքում կնշեմ այն անունը, վերաբերմունքը, գնահատականն ու սերը, որն այսօր ունեմ: Դրանք ոչ մի բանի հետ չեմ փոխարինի», - զրույցը եզրափակեց հոբելյարը:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Գուժ Մանուկյանին՝ մաղթելով առողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: