06/05/2017 11:22
Այլևս պատահական լուծումներ չենք տալու այս կամ այն խնդրին. Դավիթ Լոքյան
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության գերակա խնդիրը տարածքներում ՀՆԱ-ի աճի ապահովումն ու աշխատատեղերի ստեղծումն է, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով վեցամսյա աշխատանքները՝ ասաց նախարար Դավիթ Լոքյանը։
«Կառավարությանն ենք ներկայացրել ռազմավարություն, թե ինչպես է լինելու մարզերի զարգացումն առաջիկա տասը տարիների համար։ Մենք այլևս պատահական լուծումներ չենք տալու այս կամ այն տարածքում ջրագիծ կամ մեկ այլ հարց կարգավորելու խնդրին», - ասաց նախարարը։
Վերջինս կարևոր համարեց համայնքային ծառայողի մասին օրենքի առկայությունը. «Շատ համայնքներում տեսնում ենք անկատար ծառայություններ, որի պատճառը մարդկային կապիտալի բացակայությունն է»։
Անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին՝ Դավիթ Լոքյանն ընդգծեց, որ նախատեսվում է ևս 32 խոշորացված համայնքի ձևավորում։ Դրանք տեղի կունենան ՀՀ 8 մարզերում. նախատեսվում է միավորել 384 համայնք։
«Խոշորացված համայնքները կառավարման արդյունավետ ձև են և համայնքներում բերել են լուրջ, արդյունավետ կառավարման։ Մեր երկրի փորձը ԵՄ-ում համարվել է լավագույններից մեկը», - ասաց Դ. Լոքյանը։