08/05/2017 15:06
«Ելք» դաշինքը պատրաստ է բյուջեից 15 000 դրամ տրամադրել ընտրակաշառքից հրաժարված քաղաքացիներին
Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոստանում է, որ եթե «Ելք» դաշինքը ավագանու ընտրություններում մեծամասնություն կազմի, ապա ընտրություններից հետո Երևան քաղաքի բյուջեում նոր հոդված կավելացվի՝ «Սոցիալական աջակցություն՝ ընտրակաշառքին հարկադրվող քաղաքացիներին», այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը:
«Այն քաղաքացիները, որոնք Երևանի ավագանու ընտրություններում մեր հաղթանակից հետո համապատասխան դիմում կներկայացնեն Երևանի քաղաքապետարան և կասեն, որ հրաժարվել են ընտրակաշառքով քվեարկելուց, կստանան սոցիալական աջակցություն՝ նախնական հաշվարկով մոտ 15 000 դրամի չափով», - նշեց նա:
Ն. Փաշինյանն ասաց, որ այս քայլը նպատակ ունի ընտրակաշառքին հակադրվող քաղաքացիներին սոցիալական աջակցություն տրամադրել, որը հնարավորություն կտա վերացնել և արմատախիլ անել Հայաստանում ընտրակաշառքով քվեարկելու պրակտիկան:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս են ստուգելու արդյոք մարդիկ չեն խաբում և իսկապես ընտրակաշառք չեն վեցրել, Ն. Փաշինյանը նշեց.
«Որևէ ապացուցելու կարիք չկա: Մենք հավատում ենք մեր ընտրողներին»:
Փաշինյանն ընդգծեց, որ մոտավոր հաշվարկներով սոցիալական նման աջակցության համար բյուջեից կտրամադրվի մոտ 3 մլրդ դրամ: